ԱՄՆ Գերագույն դատարանը չեղարկել է Թրամփի հրամանը՝ ծննդյան իրավունքով քաղաքացիությունը սահմանափակելու վերաբերյալ![]() 1 հուլիսի 2026 - 12:06 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Գերագույն դատարանը հաստատել է, որ ԱՄՆ տարածքում ծնված մարդիկ ավտոմատ կերպով իրավունք ունեն ստանալու այդ երկրի քաղաքացիություն։ Այդպիսով դատարանը չեղարկել է նախագահ Դոնալդ Թրամփի փորձը սահմանափակելու ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրման կարգը, որը նախատեսված էր նրա առաջին նախագահական հրամանագրերից մեկով։ Որոշումն ընդունվել է վեց դատավորի դեմ երեքի հարաբերակցությամբ։ Վեց դատավոր հանդես է եկել Թրամփի նախաձեռնության դեմ, իսկ երեքը՝ աջակցել դրան, գրում է BBC-ն: Ծննդյան իրավունքով քաղաքացիությունը սահմանափակող հրամանագիրը Թրամփը ստորագրել էր 2025 թվականի հունվարին՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո։ Դրանից անմիջապես հետո ԱՄՆ մի շարք նահանգներ և քաղաքներ, որտեղ իշխանության ղեկին գտնվում է Դեմոկրատական կուսակցությունը, հայցեր են ներկայացրել՝ պահանջելով չեղարկել այդ հրամանագիրը։ Սկզբում հրամանագրի ուժի մեջ մտնելը փորձել էին կասեցնել երեք դաշնային դատավորներ, սակայն նրանց որոշումները հետագայում չեղարկվել էին ԱՄՆ Գերագույն դատարանի կողմից։ Արդյունքում մի քանի դատական գործընթացներ միավորվել էին մեկ գործի մեջ, որի վերաբերյալ էլ երեքշաբթի օրը վերջնական որոշում է կայացրել Գերագույն դատարանը։ Դիտորդների գնահատմամբ՝ այս գործը Դոնալդ Թրամփի համար գրեթե անձնական նշանակություն ուներ։ Ապրիլին նա անձամբ մասնակցել էր Գերագույն դատարանի լսումներին և ներկա գտնվել նիստերի դահլիճում, մինչ ԱՄՆ գլխավոր սոլիսիտոր Ջոն Սաուերը ներկայացնում էր վարչակազմի դիրքորոշումը։ Այդ ժամանակ քննադատները հայտարարել էին, որ նախագահի ներկայությունը դատարանում տեղին չէր և կարող էր ընկալվել որպես դատավորների վրա ազդեցություն գործադրելու փորձ՝ ներքաղաքական լուրջ հետևանքներ ունեցող գործի քննության ընթացքում։ Լսումների ժամանակ դատավորները մանրակրկիտ քննության էին ենթարկել վարչակազմի փաստարկները, և արդեն այդ փուլում ակնհայտ էր դարձել, որ Գերագույն դատարանի անդամների մեծամասնությանը Թրամփի ներկայացրած հիմնավորումները համոզիչ չեն թվում։ Ավելի ուշ Թրամփը հրապարակայնորեն քննադատել էր դատավորներին՝ հայտարարելով, որ նույնիսկ իր կողմից նշանակված այն դատավորները, որոնք քվեարկում են իր դիրքորոշման դեմ, «հիմար մարդիկ» են։ Հղում կատարելով ԱՄՆ Սահմանադրության 14-րդ ուղղմանը՝ ԱՄՆ Գերագույն դատարանը վերջնականապես դադարեցրել է Դոնալդ Թրամփի փորձերը՝ ծննդյան իրավունքով քաղաքացիությունից զրկելու անօրինական միգրանտների երեխաներին և երկրում ժամանակավորապես բնակվող օտարերկրյա քաղաքացիների մեծամասնությանը։ Ինչպես մեծամասնության անունից որոշման մեջ գրել է Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերթսը, ԱՄՆ Քաղաքացիական պատերազմից անմիջապես հետո ընդունված այդ ուղղման տեքստը երկիմաստ մեկնաբանության հնարավորություն չի թողնում։ Դոնալդ Թրամփը և նրա իրավաբանները պնդում էին, որ անօրինական միգրանտները չեն մտնում ԱՄՆ «իրավազորության ներքո գտնվող» անձանց շրջանակի մեջ։ Սակայն Ռոբերթսը և դատավորների մեծամասնությունը վճռականորեն մերժել են այդ փաստարկը։ Քանի որ Գերագույն դատարանի անդամների մեծամասնությունը եզրակացրել է, որ ԱՄՆ Սահմանադրությունը միանշանակ ամրագրում է ծննդյան իրավունքով քաղաքացիությունը, Թրամփի համար գործնականում այլևս չի մնում այդ նորմը փոխելու հնարավորություն, բացի Սահմանադրությունում փոփոխություն կատարելու ճանապարհից։ Սա չափազանց բարդ ընթացակարգ է, որը Միացյալ Նահանգների ամբողջ պատմության ընթացքում հաջողությամբ ավարտվել է ընդամենը 27 անգամ։ Photo. Reuters Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |