Նախարար․ Ստորջրյա մշակութային ժառանգության ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիային միանալը նոր հնարավորություններ է բացում

Նախարար․ Ստորջրյա մշակութային ժառանգության ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիային միանալը նոր հնարավորություններ է բացում

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը հուլիսի 3-ին հաստատել է «Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2001 թվականի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա նշել է, որ կոնվենցիային միանալը նոր հնարավորություններ է բացում երկրների համար: Կոնվենցիայի նպատակն է ապահովել եւ ամրապնդել ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանությունը միջազգային համագործակցության, գիտական հետազոտությունների, տեղեկատվության փոխանակման, կրթության եւ մասնագիտական կարողությունների զարգացման միջոցով:

Փաստաթղթի համաձայն՝ ստորջրյա մշակութային ժառանգություն են համարվում մարդկային գոյության՝ մշակութային, պատմական կամ հնագիտական բնույթի բոլոր այն հետքերը, որոնք առնվազն 100 տարի շարունակ, մասամբ կամ ամբողջությամբ, պարբերաբար կամ մշտապես, գտնվել են ջրի տակ:

«Դրանք կարող են ներառել հնագիտական հուշարձաններ, շինություններ, կառույցներ, բնակավայրերի մնացորդներ, նավեր, նավաբեկություններ, օդանավեր, պատմական առարկաներ, ինչպես նաեւ մարդկային գործունեության այլ նյութական վկայություններ»,- ընդգծել է նախարարը:

Կոնվենցիայով սահմանվում է, որ մասնակից պետությունները, անհատապես կամ համատեղ, ըստ անհրաժեշտության, ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ստորջրյա մշակութային ժառանգությունը պաշտպանելու համար՝ կիրառելով այդ նպատակով առկա լավագույն գործնական միջոցները եւ միջազգային մասնագիտական չափանիշները:

Ժաննա Անդրեասյանի խոսքով Հայաստանի՝ կոնվենցիային միանալու հարցը կարեւոր նշանակություն ունի ինչպես մշակութային ժառանգության պաշտպանության, այնպես էլ միջազգային համագործակցության տեսանկյունից:

Ըստ գերատեսչության ղեկավարի՝ ոլորտի փորձագետների գնահատմամբ Սևանա լճում և ՀՀ մի շարք այլ ջրային ավազաններում առկա են կոնվենցիայով պաշտպանության ենթակա մշակութային շերտեր, որոնց ուսումնասիրության և իրավական կարգավորման հետ կապված հարցերը պահանջում են նաև համապատասխան միջազգային չափանիշների կիրառում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---