Մելիքյանը ողջունել է ՀՖՖ-ի որոշումը․ Այս փոփոխությունը լավագույն լուծումն է![]() 4 հուլիսի 2026 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ողջունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումը, որի համաձայն 2026-2027 թթ․ մրցաշրջանից Հայաստանի Պրեմիեր լիգայի և Առաջին խմբի մասնակից յուրաքանչյուր ակումբում կարող է հայտավորվել առավելագույնը 15 ֆուտբոլիստ, որոնք չեն մարզվել Հայաստանում և/կամ չեն հանդիսանում Հայաստանի ազգային կամ տարբեր տարիքային հավաքականների անդամներ։ Եթե ակումբն ունի Առաջին խմբում հանդես եկող դուստր թիմ, ապա այդ սահմանափակումը կիրառվելու է երկու թիմերի ընդհանուր հայտացուցակների նկատմամբ, գրում է ArmSport-ը: Ըստ Մելիքյանի՝ 15 լեգիոներով համալրված կազմը լիովին բավարար է, որպեսզի ակումբները պահպանեն իրենց մրցունակությունը: «Մի քանի հայկական ակումբներ դեմ էին այն փոփոխությանը, որով մեկնարկային կազմում 3 հայ ֆուտբոլիստի փոխարեն պարտադիր պետք է հանդես գան 4 հայ խաղացողներ։ Այդ քննարկումներն ինձ ստիպեցին ավելի խորությամբ վերլուծել իրավիճակը։ Հասկանալով նաև ակումբների մտահոգությունները՝ ես, այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս փոփոխությունը լավագույն լուծումն է՝ ի շահ հայ ֆուտբոլիստների զարգացման։ Որոշ ակումբներ պնդում էին, թե մեկնարկային կազմում 4 հայ խաղացող ունենալու պահանջը կարող է ստեղծել արհեստական մրցակցություն։ Եթե այդպես է, ապա կարծում եմ՝ 15 լեգիոների սահմանաչափը լիովին բավարար է, որպեսզի հայ ֆուտբոլիստների համար ձևավորվի առողջ և բնական մրցակցային միջավայր։ Կարծում եմ՝ 15 լեգիոներով համալրված կազմը լիովին բավարար է, որպեսզի ակումբները պահպանեն իրենց մրցունակությունը, իսկ հայ ֆուտբոլիստները հնարավորություն ունենան իրենց տեղը նվաճել արդար մրցակցության պայմաններում։ Եվ, ի վերջո, եթե չենք ցանկանում հայ խաղացողների համար արհեստականորեն ապահովել խաղաժամանակ, ապա պարտավոր ենք նրանց համար ստեղծել առողջ մրցակցային միջավայր, որտեղ նրանք կկարողանան զարգանալ, ապացուցել իրենց որակները և արժանիորեն վաստակել իրենց տեղը թիմում»,- ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։ Այս որոշումը տարաբնույթ արձագանքներ է առաջացրել ակումբների և ֆուտբոլասերների շրջանում։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ մի շարք ակումբներ անհամաձայնություն են հայտնել ՀՖՖ-ի պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգում նախատեսված փոփոխությանը և կոչ են արել ՀՖՖ Գործադիր կոմիտեին գումարել արտահերթ նիստ՝ վերանայելու ընդունված որոշումը։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |