ԱՄՆ-ն ծրագրում է վերականգնել Հորմուզը շրջանցող Իրաքից Սիրիա ձգվող նավթամուղը

ԱՄՆ-ն ծրագրում է վերականգնել Հորմուզը շրջանցող Իրաքից Սիրիա ձգվող նավթամուղը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ծրագրում է վերականգնել Հորմուզը շրջանցող Իրաքից Սիրիա ձգվող նավթամուղը, ինչը թույլ կտա թուլացնել Իրանի ազդեցությունն էներգակիրների համաշխարհային մատակարարումների վրա։ Այդ մասին հուլիսի 14-ին հայտնել է Bloomberg գործակալությունը։

Աղբյուրների փոխանցմամբ՝ Սիրիայի և Իրաքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքը բանակցություններ է անցկացրել երկու երկրների պաշտոնյաների, ինչպես նաև մի շարք ընկերությունների, այդ թվում՝ «Շևրոն Քորփորեյշնի» ներկայացուցիչների հետ։ Քննարկումների առանցքում հայտնվել է Իրաքից դեպի Սիրիայի արևմտյան ափ ձգվող և երկար ժամանակ չգործող նավթամուղի աշխատանքի վերականգնումը, գրում է Deutsche Welle-ն:

Դիտարկվել են նաև նոր նավթամուղների երթուղիների մի քանի տարբերակներ, սակայն բանակցությունները հիմնականում կենտրոնացել են Իրաքի Քիրքուք քաղաքից մինչև սիրիական Բանիաս ձգվող նավթամուղի վերականգնման շուրջ։ Աղբյուրները հայտնել են, որ այդ խողովակաշարն ավելի քան երկու տասնամյակ չի շահագործվել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Իրաքի վարչապետ Ալի ազ Զեյդիին և հայտարարել, որ այս կամ հաջորդ շաբաթ հայտարարվելու է նավթային ոլորտում նոր խոշոր գործընկերությունների մասին։

Նշվում է, որ վերջին շաբաթվա ընթացքում Մերձավոր Արևելքում լարվածության սրումն ընդգծել է Հորմուզի նեղուցին երկարաժամկետ այլընտրանքներ գտնելու անհրաժեշտությունը։

Գործակալության տվյալներով՝ վերջին շաբաթներին «Շևրոնը», «ՏոտալԷներջիս ՍԷ»-ն, Լոս Անջելեսում գործող «ԹԻ Քափիթալը» և քաթարյան «ՅՈՒՍԻՍԻ Հոլդինգը» մասնակցել են Սիրիայի՝ որպես արտահանման հանգույցի դերի ընդլայնման վերաբերյալ քննարկումներին։

Այդուհանդերձ, պարբերականն արձանագրել է, որ Սիրիայի տարածքում նավթամուղների կառուցումը կապված է բազմաթիվ դժվարությունների հետ։ Հավանական երթուղիներն անցնելու են Իրաքի արևմտյան Անբար նահանգով և Սիրիայի արևելյան հատվածով, որտեղ դեռևս գործում են ահաբեկչական «Իսլամական պետության» բջիջները։ Նախագծում միջոցներ ներդնողները ստիպված են լինելու ապավինել երկրի նոր իշխանությունների՝ արյունալի քաղաքացիական պատերազմից հետո իրավիճակը կայունացնելու կարողությանը։

Թրամփն ավելի վաղ հայտարարել է ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի համար պայքարի շրջանակում ծովային շրջափակման վերսկսման մասին։ Միևնույն ժամանակ հուլիսի 14-ին Սպիտակ տան ղեկավարը հրաժարվել է ծովային բեռների համար 20 տոկոսանոց վճար սահմանելուց, որի մասին հայտարարել էր մեկ օր առաջ։ Դրա փոխարեն ԱՄՆ առաջնորդը հայտնել է, որ մտադիր է եկամուտներ ստանալ Պարսից ծոցի երկրների հետ առևտրային համաձայնագրերի միջոցով։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---