ԱՄՆ-ն իններորդ գիշերն անընդմեջ հարվածներ է հասցրել Իրանին

ԱՄՆ-ն իններորդ գիշերն անընդմեջ հարվածներ է հասցրել Իրանին

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի զինված ուժերն իններորդ գիշերն անընդմեջ հարվածներ են հասցրել Իրանի տարածքում գտնվող թիրախներին։ ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հաղորդմամբ՝ հուլիսի 20-ին գործողությունները մեկնարկել են Իրանի ժամանակով ժամը 02:30-ին։ CENTCOM-ը հայտնել է, որ նոր հարվածների նպատակը Իրանի ռազմական ներուժի հետագա թուլացումն է, որը, ամերիկյան կողմի պնդմամբ, օգտագործվում է Հորմուզի նեղուցում առևտրային նավերի և քաղաքացիական ծովագնացների դեմ հարձակումների համար։

Իրանը, իր հերթին, հարվածներ է հասցրել Քուվեյթում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտներին, հայտնում է Deutsche Welle-ն:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչից հետո Վաշինգտոն վերադառնալիս, հայտարարել է, որ նոր հարվածները պատասխան են Իրանի հետ պատերազմի ընթացքում ամերիկացի զինծառայողների զոհվելուն։

Մերձավոր Արևելքում նոր սրման սկզբից ի վեր CENTCOM-ը հայտնել է իր երեք զինծառայողի զոհվելու մասին։ Այդպիսով, Իրանի հետ պատերազմի սկզբից զոհված ամերիկացի զինվորականների ընդհանուր թիվը հասել է 17-ի։

Հուլիսի 20-ի գիշերը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԿՍԻՐ) հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի շրջանում կալանավորել է երկու նավթային տանկեր, որոնք, ըստ իրանական կողմի, փորձել են «ապօրինի» մուտք գործել նեղուց կամ լքել այն հարավային երթուղով։ Իրանական պետական «Թասնիմ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նավերը «պայթել են»։

Հորմուզի նեղուցով նավարկությունը վերջին օրերին դանդաղել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական դիմակայության սրման ֆոնին։ Լոնդոնի ֆոնդային բորսայի տվյալներով՝ հուլիսի 19-ին նեղուցով անցել է չորս, իսկ հուլիսի 18-ին՝ ութ նավ։

S&P Global ընկերության տվյալներով՝ չնայած խափանումներին, Կատարում և Արաբական Միացյալ Էմիրություններում հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) արտադրությունը շարունակում է մնալ համեմատաբար կայուն։ Դրա հետևանքով աճել է Պարսից ծոցում անցման հերթին սպասող նավերում պահվող ՀԲԳ-ի ծավալը։ Ընկերության գնահատմամբ՝ ներկայում տարածաշրջանում գտնվում են գրեթե 1․9 միլիոն տոննա ընդհանուր տարողությամբ ՀԲԳ տեղափոխող տանկերներ։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---