// IP Marketing video - START// IP Marketing video - END

Երկու տարվա ընթացքում Երեւանում կկառուցվի Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում հողօրհնեքի ծիսակատարություն է կայացել այնտեղ, որտեղ կառուցվելու է Ամենայն Հայոց Կաթողիկոսի երեւանյան նստավայրը: Այն կկառուցվի Սբ.Կաթողիկե եկեղեցու հարեւանությամբ` Սայաթ-Նովա եւ Խ.Աբովյան փողոցների խաչմերուկում: Օրհնության արարողությունն անցկացրեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II:



«Այսօր մենք ցանկանում ենք վերստեղծել Սբ.Կաթողիկե եկեղեցու միասնական եկեղեցական համալիրը` կառուցելով Սուրբ Աննայի եկեղեցին, որը կրելու է կույս Մարիամի մոր անունը: Նախագիծն արդեն պատրաստ է եւ երկու տարի անց նախատեսվում է ավարտել շինարարական աշխատանքները: Այդ եկեղեցում են հնչելու հավատացյալների աղոթքները` ի բարօրություն եւ խաղաղություն մեր երկրի»,- նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ը:



Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ Սուրբ Աննայի եկեղեցին եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը կկառուցվեն ճարտարապետ Հրաչ Պողոսյանի նախագծով եւ Հրայր ու Աննա Հովնանյանների ֆինանսական աջակցությամբ:



Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, Հրայր եւ Աննա Հովնանյանները, հասարակական եւ մշակութային գործիչներ եւ այլք:



Սբ.Կաթողիկե եկեղեցին գտնվում էր Շահար թաղամասի կենտրոնում: Եկեղեցին կառուցվել է 1693-95թթ.` ուժեղ երկրաշարժից հետո: Չնայած իր փոքր չափերին (աղոթասրահի տարածքը` 14*19,3 մ, արտաքին պարագիծը` 16,4*28,4 մ), Սբ.Կաթողիկեն Երեւանի ընդգրկուն եկեղեցիներից մեկն է եղել: Որոշ հատվածներում խաչքարեր են փորագրվել, որոնք թվագրվոփւմ են 1679, 1693, 1694 եւ 1695 թվականներով, իսկ պատերը քանդելու ժամանակ հայտնաբերվել են նաեւ հին խաչքարեր` 1472, 1641 եւ 1642 թվականների: Պատմական հետազոտությունների համաձայն, Սբ.Կաթողիկե եկեղեցու տեղում նախկինում կանգուն է եղել մի եկեղեցի, որ ավանդաբար կրել է Սուրբ Աստվածածին անունը: Հնագույն եկեղեցու գոյության մասին հիպոթեզը հաստատվեց Սբ.Կաթողիկե եկեղեցին քանդելու ժամանակ, երբ մերկացվեցին նրա հարավային եւ հյուսիսային պատերը, որոնց կից կառուցվել էին երկու ավանդատներ: Վերոհիշյալ պատերի վրա առկա մենահին արձանագրությունները թվագրվում են 1264թ.-ով: Սբ.Աստվածածին եկեղեցին (որը շարունակում է կրել Կաթողիկե անունը) փոքր չափեր ունի` 5,4*7,5 մ պարագծով: Քանի որ եկեղեցին սահմանափակ հնարավորություններ ունի եկեղեցական միջոցառումներ անցկացնելու համար, այն ծառայում է որպես մատուռ:
 Ուշագրավ
Նախագծի հեղինակն է Պետրոս Ծամերյանը, համահեղինակը՝ Գրիգոր Բաղդագուլյանը
Մրցանակաբաշխությունը սեպտեմբերի 24-ին է
Հայաստանը ֆիլմերը ստանում է ՌԴ-ից, ուստի՝ հայ հանդիսատեսին այն կհասնի նույն տեսքով, ինչ ռուսաստանցի հանդիսատեսին