ՀՀ գլխավոր դատախազություն. Պարտականությունների կատարման թերացումը երկու բանտարկյալների փախուստի պատճառ դարձավ

PanARMENIAN.Net - «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 3 աշխատակցի առաջադրվել էմեղադրանք. նախաքննությունը շարունակվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից 2 ցմահ դատապարտյալների փախուստի դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 3 աշխատակցի դեկտեմբերի 1-ին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական անփութության համար, որն առաջացրել է ծանր հետեւանքներ, ասվում է ՀՀ գլխավոր դատախազության մամլո ծառայության հաղորդագրությունում:



Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակից, հերթափոխի ավագ Ա.Սմբատյանը, 2009թ. նոյեմբերի 27-ին՝ ժամը 17-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկում ցմահ ազատազրկման ձեւով պատիժը կրող դատապարտյալների մեկժամյա զբոսանքը կազմակերպելու ընթացքում չի ապահովել պատշաճ հսկողություն ինչպես զբոսախցերի մուտքի դռների, այնպես էլ՝ զբոսախցերի տանիքի հատվածներում, զբոսանք տրամադրելիս չի իրականացրել վերահսկողություն զբոսանքի դուրս բերվող ցմահ ազատազրկման դատապարտվածների անձնական խուզարկության գործընթացի նկատմամբ: Արդյունքում՝ առանձնապես ծանր հանցագործության կատարման համար ցմահ ազատազրկման դատապարտվածներ Սողոմոն Քոչարյանն ու Մհեր Ենոքյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 6-րդ հարկի թիվ 1 զբոսախուց են ուղեկցվել առանց անձնական խուզարկության ենթարկվելու, որտեղ տեւական ժամանակ մնացել են առանց հսկողության եւ զբոսախցի տանիքից դիմել փախուստի` հասարակության համար ստեղծելով վտանգավոր իրավիճակ:



Ձեռք բերված ապացույցների հիմանվրա՝ հերթափոխի ավագ Ա.Սմբատյանին, անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցներ Ա.Աթաբեկյանին եւ Վ.Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն, որն առաջացրել է ծանր հետեւանքներ):
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---