Հայաստանը պետք է ակտիվորեն բարձրացնի հայ փախստականների հարցը միջազգային ասպարեզում

PanARMENIAN.Net - 20 տարի շարունակ ոտնահարվում են Ադրբեջանից հայ փախստականների իրավունքները: Նրանք ոչ միայն փոխհատուցում չեն ստացել, այլ մինչ օրս պարզ չէ, կարող են արդյոք նրանք վերադառնալ նախկին բնակության վայրեր: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած «Էթնիկ զտումներն Ադրբեջանում` Բաքու 1990» թեմայով «կլոր սեղանի» ժամանակ հայտարարել է Հայաստանի նախկին օմբուդսմեն, ՀՀ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:



«Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացից դուրս է մղվել Արեւելյան Անդրկովկասի հայ փախստականների հարցը: Հայերի շահերը պատշաճ կերպով չեն ներկայացվել ոչ դիվանագիտական, ոչ տեղեկատվական դաշտում»,-ասել է հայ պատգամավորը: Լ.Ալավերդյանը ուշադրություն է հրավիրել այն բանին, որ հայերը եղել են ոչ թե ազգային փոքրամասնություն, այլ Խորհրդային Հայաստանի հիմնադիրների թվում էին:



«Ստացվում է, որ հայերը զրկվեցին իրենց հայրենիքից, ոչ թե բնակության վայրից, ինչպես դա փորձում են ներկայկացնել»,-ասել է պատգամավորը: Ըստ Ալավերդյանի, հայկական կողմը պետք է առավել ակտիվ լինի միջազգային ատյաններում եւ բարձրացնի հայկական զտումների հարցն Ադրբեջանում:



Բաքվում հայերի ջարդերի ժամանակ 1990թ. հունվարի 13-19-ը, տարբեր աղբյուրներով, սպանվել է շուրջ 400 մարդ, 200 հազար հայեր արտաքսվել են քաղաքից: Զոհվածների հստակ թիվը ճշտելն անհնար էր, քանի որ ջարդերի գործով հետաքննություն չտարվեց:



Խաղաղ բնակիչների ջարդերն ու սպանությունները շարունակվեցին մինչեւ հունվարի 20-ը, երբ քաղաք մտան Խորհրդային բանակի ստորաբաժանումները: 1990թ. հունվարի 12-13-ին հայկական ջարդերը Բաքվում կազմակերպված եւ զանգվածային բնույթ ստացան: Հունվարի 13-ին ժամը 17-ից հետո շուրջ 50-հազարանոց ամբոխը, բաժանվելով խմբերի, սկսեց տուն առ տուն անցենլ` «մաքրելով» քաղաքը հայերից:



1990 թվականի հունվարի 17-ին Եվրախորհրդարանը բանաձեւ ընդունեց, որով կոչ էր արվում արտգործնախարարների Եվրոպական խորհրդին եւ Եվրախորհրդին պաշտպանել հայերին եւ պահանջել ԽՍՀՄ կառավարությունից անհապաղ օգնություն ցույց տալ Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին: Հունվարի 18-ին ամերիկացի սենատորների մի խումբ նամակ հղեց Մ.Գորբաչովին, որտեղ իր մտահագությունն էր հայտնում Բաքվում հայերի ջարդերի կապակցությամբ եւ կոչ էր անում միացնել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին:
 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---