Հայոց ցեղասպանության դատապարտումը կօգնի կանխել նման սարսափներն ապագայում

Հայոց ցեղասպանության դատապարտումը կօգնի կանխել նման սարսափներն ապագայում

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության հարցն ազնվության ու բարոյականության չափանիշ է դարձել միջազգային հարաբերությունների, իրավունքին ու արդարությանը հավատարմության հանդեպ մոտեցման հարցում: Այդ հարցը միանգամայն արդիական է և ամենաուղղակի կապն ունի ոչ միայն այդ հանցագործության զոհերի, այլև ողջ մարդկության, ողջ մարդկային քաղաքակրթության ճակատագրի հետ: Այդ մասին ասվում է Մոսկվայի հայկական կազմակերպությունների Ֆորումի (ՄՀԿՖ) հայտարարության մեջ:

"Ներկայիս պայմաններում Հայոց ցեղասպանության դատապարտման արդիականությունը բացատրվում է մարդկության դեմ այդ ծանր հանցագործության ահագնացմամբ: Հայոց ցեղասպանության դատապարտումը կօգնի կանխել նման սարսափներն ապագայում: Մենք առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ ռասայական, կրոնական ու էթնիկական խմբերի իրավունքների զանգվածային խախտման վաղ կանխումը մարդկության դեմ հանցագործությունների, այդ թվում և ցեղասպանությունների կանխման գլխավոր միջոցն է: Միջազգային հանրության կողմից 20-րդ դարի առաջին ցեղասպանության` Օսմանյան Թուրքիայի կողմից հայրենի հողում մի ամբողջ ժողովրդի ու նրա դարավոր մշակույթի բարբարոսական ոչնչացման համապատասխան գնահատականի բացակայությունը հանգեցրեց նման ծանր հանցագործությունների կրկնությանը: Երկիրը մեր ընդհանուր տունն է, և յուրաքանչյուր ժողովուրդ, յուրաքանչյուր մշակույթ համընդհանուր հարստություն է, և դրա գիտակցումը պետք է մարդկությանը ստիպի այսուհետ թույլ չտալ նման անմարդկային երևույթներ: Սակայն, չդատապարտելով իրագործված ցեղասպանությունը, անհնար է կանխել հաջորդները: Չափազանց կարևոր է, որպեսզի Օսմանյան կայսրության կողմից իրագործված ցեղասպանությունը ճանաչվի հենց Թուրքիայի կողմից: Իրեն քաղաքակիրթ համարող երկիրը չի կարող կոծկել իր պատմության էջերը` թեկուզև ամոթալի: Թուրքիայի կողմից նման վարքը բավական բարդացնում է հայ և թուրք ժողովուրդների հարաբերությունները, չի նպաստում երկրների միջև լարվածության նվազմանը, խոչընդոտում է վստահության մթնոլորտի ու որակապես նոր հարաբերությունների հաստատմանը: Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք մարդկության դեմ հանցագործությունների անթույլատրելիության մասին և մեր աջակցությունը հայտնում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը, Ցեղասպանության հետևանքների վերացմանն ու պատմական արդարության վերականգնմանն ուղղված բոլոր ջանքերին",- ասվում է հայտարարության մեջ:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---