«Ալիք» թերթ. «Եթե Իսրայելը Գազան է շրջափակել, ապա Թուրքիան Հայաստանը շրջափակված է պահում ավելի քան 15 տարի»

PanARMENIAN.Net - Իրանում լույս տեսնող «Ալիք» թերթն իր խմբագրականում անդրադարձել է թուրք-իսրայելական հակամարտությանը:

Թուրքիան հենց անցյալ տարվա «Դավոսյան մենամարտ»-ից (Էրդողան-Պերես դիմառնություն) սկսած իր լոկ մարտավարական «հակաիսրայելական» նկրտումները բարձրաձայնելով՝ միտել է թեկուզ ժամանակավորապես, բայց տպավորություն ստեղծել առաջին հերթին արաբական և իսլամական երկրների մոտ, որ ինքը վերջիններից առավել՝ «պապից ավելի կաթոլիկ»՝ պաշտպանում ու կարեկցում է Պաղեստինյան դատին ու իրավազուրկ Պաղեստինի ժողովրդին:

Զավեշտալին, սակայն, կայանում է նրանում, որ Թուրքիան իր այդ «պաղեստինամետ» կեցվածքները փորձում է մատուցել այնպես, կարծես թե՝ հենց վերջին ժամանակներում է միջազգային հարթակ հայտնվել պաղեստինյան դատն ու ազատագրական պայքարը:

«Նոյն համաշխարհային հանրային կարծիքը քաջ գիտի, թէ վերջին 60 տարիների երկայնքում նոյն Թուրքիան իր յաջորդական վարչակարգերով հանդերձ՝ ռազմավարական-դաշնակցային ի՜նչ կարգի յարաբերութիւններով է շաղկապւած եղել Իսրայէլի հետ՝ նոյն Իսլամական ու Արաբական աշխարհին թիկունքից հարւածելու գնով...»: Գրված է Իրանում լույս տեսնող «Ալիք» թերթի խմբագրականում:

«Թուրքիան այսօր Իսրայէլին մեղադրելու շղարշի ներքոյ հետապնդում է մէկ այլ նպատակ եւս, որն ուղղակի հայոց արդար պահանջատիրութիւնը նսեմացնելու միտում է ենթադրում: Եթէ Իսրայէլը շրջափակւած է պահում Ղազան, Թուրքիան էլ աւելի քան 15 տարի շրջափակւած է պահում Հայաստանը: - Եթէ Իսրայէլը ոտնահարում է պաղեստինեան ամենատարրական իրաւունքները, ապա Թուրքիան էլ իր իսկ չարաբաստիկ «301-օրէնքով»՝ նահատակում է Հրանտ Դինքին ու իր իսկ քաղաքացիներ՝ Փամուքին ու Աքչամներին մահւան սպառնալիքի ենթակայ է պահում. - Եւ վերջապէս, եթէ Իսրայէլը մի օր անխուսափելիօրէն հատուցելու է պաղեստինեան իրաւատէր ժողովրդին (վերջնիս արդար պահանջատիրութեան եւ ոչ՝ Թուրքիայի նման լարախաղաց ու սադրիչ երկրների ղեկավարների շնորհիւ), ապաեւ՝ նոյնկերպ իր սեւ պատմութիւնն ուրացող ու միջազգային ընտանիքին ապակողմնորոշել փորձող Թուրքիան էլ «նաւատորմով թէ՛ առանց նաւատորմերի» չի կարող խուսափել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ հայ ժողովրդին հատուցում կատարելու պատասխանատւութիւնից», ավարտում է թերթը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---