Երևանում ամենամեծ աղմուկն առաջացնում են տրանսպորտը և շինարարությունը

PanARMENIAN.Net - 100 դեցիբելից բարձր աղմուկը մարդու մոտ առաջացնում է հարբածության նման վիճակ: Դա արյան մեջ ադրենալինի արտադրության մեծ քանակության հետևանք է: Աղմուկի բարձր մակարդակը կարող է դառնալ սթրեսների պատճառ, ինչպես նաև հանգեցնել լսողական օրգանների դեգրադացիայի: Այդ մասին հուլիսի 10-ին մամլո ասուլիսում հաղորդել է «Արևորդի» բնապահպանական կազմակերպության աշխատակից Թամարա Գալստյանը: Նրա խոսքերով, Երևանում ամենամեծ աղմուկը ստեղծում են տրանսպորտը և շինարարությունը:

Նա օրինակ բերեց այն, որ մետրոն առաջացնում է 80 դեցիբել աղմուկ, ռոք-համերգը` 100, իսկ ռեակտիվ ինքնաթիռը` 110: Չնայած Երևանում աղմուկի մակարդակի չափումներ չեն իրականցվել:

«Մենք պետք է նոր օրենք մշակենք «Աղմուկի մասին», որն իր մեջ կներառի քաղաքում աղմուկի կարգավորման տարբեր ասպեկտները»,- ասել է ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Աիդա Իսկոյանը: «Օրենքի մշակմանը պետք է մասնակցի նաև հասարակությունը, որը պետք արտահայտի իր կարծիքը, որովհետև «Աղմուկի մասին» օրենքը միահյուսվում է մարդու իրավունքների սահմանափակման հետ»,- նշել է Իսկոյանը և հավելել, որ Հայաստանի բնակչությունը հարևանների կամ այլ քաղաքացիների` չաղմկելու խնդրանքն ընդունում է որպես իր անձնական կյանքին միջամտություն և բավական ագրեսիվ է արձագանքում:

«Մենք համարյա ամեն օր բողոքներ ենք ստանում քաղաքացիներից, որոնց աղմուկը խանգարում է և նրանք չգիտեն ում դիմեն, բայց դրանցից ոչ մեկն անպատասխան չի մնում»,- նշել է Առողջապահության նախարարության իրավական ապահովության բաժնի գլխավոր մասնագետ Պերճ Խաչատրյանը:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---