Սերժ Սարգսյան. Արաքս Դավթյանի վսեմաշուք լիրիկական սոպրանոն նվաճեց աշխարհի օպերային հարթակները

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել երգչուհի Արաքս Դավթյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա անվանի երգչուհի, օպերային արվեստի վարպետ, Հայաստանի ժողովրդական արտիստ Արաքս Դավթյանի մահվան մասին: Արաքս Դավթյանի վսեմաշուք լիրիկական սոպրանոն նվաճեց աշխարհի օպերային հարթակները: Երգարվեստի խստապահանջ երկրպագուները սրտատրոփ ակնկալում էին դասական երգացանկի նրա նորովի մեկնություններն Ամերիկայի, Ասիայի և Եվրոպայի ամենաճանաչված դահլիճներում: Արաքս Դավթյանի տաղանդը փայլատակեց ոչ միայն օպերային բեմերում և համերգասրահներում, այլև կինոյում, մանկավարժության բնագավառում: Կորստի այս ծանր պահին իմ ցավակցությունն եմ հայտնում Արաքս Դավթյանի հարազատներին և գործընկերներին և նրա արվեստի երկրպագուներին», հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---