Հայաստանի ձյուդոյի ու ազատ ոճի ըմբշամարտի հավաքականների ավագ մարզիչները գոհ են ելույթներից Օլիմպիական խաղերում

PanARMENIAN.Net - Օգոստոսի 29-ին Հայաստանի հավաքականը վերադարձավ Սինգապուրից, որտեղ անցան առաջին ամառային պատանեկան Օլիմպիական խաղերը: Հայաստանի հավաքականը նվաճեց 4 մեդալ: Արծաթե մրցանակակիր դարձավ ծանրորդ Գոռ Մարգարյանը, իսկ ազատ ոճի ըմբիշ Արտակ Հովհաննիսյանը, ձյուդոիստ Դավիթ Ղազարյանն ու ծանրորդ Սմբատ Մարգարյանը դարձան բրոնզե մրցանակակիրներ:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ՀՀ պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Մարտին Սարգսյանն ասաց, որ գոհ է Ղազարյանի ելույթից և որ մրցավարները ամերիկացի ձյուդոիստի հետ մենամարտի ժամանակ անաչառ չէին: «Այնուամենայնիվ, իմ սանը լավ հանդես եկավ, քանի որ սա Օլիմպիական խաղեր են և այստեղ դժվար է պատանի մարզիկների համար: 3-րդ տեղի համար պայքարում Դավիթը հաղթեց «ոսկե հնարքով» և նվաճեց բրոնզե մեդալ»,-ասել է Մարտին Սարգսյանը:

Ըստ մարզչի, Օլիմպիական խաղերից հետո Հայաստանի հավաքականը կարճատև հանգստից հետո կվերսկսի մարզումները: Այս տարվա վերջին միջազգային մրցաշարը կանցնի վրացական Գորի քաղաքում հոկտեմբերին:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի ավագ մարզիչ Էդուարդ Թունյանը ևս գոհ է Հովհաննիսյանի ելույթից և գտնում է, որ նա կարող է ազատ ոճի լավ ըմբիշ դառնալ: «2010-ին մեր հավաքականը Եվրոպայի առաջնությունից և միջազգային մրցաշարերից վերադարձավ 4 բրոնզե մեդալով: Այս տարի մենք ավարտեցինք մեր ելույթները և կարճատև հանգստից հետո կսկսենք նախապատրաստվել 2011 թվականին»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---