Քարահունջը աշխարհի ամենահին աստղադիտարանն է

Քարահունջը աշխարհի ամենահին աստղադիտարանն է

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 6-ին Օքսֆորդի համալսարանի գիտարշավը սկսեց հետազոտությունների առաջին փուլը աշխարհի ամենահին աստղադիտարան Քարահունջում, որի տարիքը մոտ 7500 տարի է:

«Մենք ցանկանում ենք աշխարհին ներկայացնել այդ եզակի կոթողը և Հայաստանի կառավարության ուշադրությունը հրավիրել Քարահունջի պահպանման առկա խնդիրների վրա»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Օքսֆորդի համալսարանի գիտարշավի ղեկավար, աստղաֆիզիկոս Միհրան Վարդանյանը:

Քարահունջն իր պարամետրերով համապատասխանում է աստղերի ուսումնասիրության համար նախատեսված գիտական կենտրոնին, դրա մասին է վկայում նրա տարածվածությունը արևելքից արևմուտք, քարերի դիրքը և քարերի անցքերի ուղղվածությունը որոշակի աստղադիտական օբյեկտների վրա, պերիսկոպների առկայությունը և այլն: Ըստ Վարդանյանի, իրենց հետազոտությունները հիմնված են հայտնի հայ գիտնական Պարիս Հերունու հետազոտությունների վրա:

«Այս հնագույն աստղադիտարանը տարբերվում է իր նմաններից, եթե համեմատենք այն Անգլիայի Սթոունհենջի ու Ֆրանսիայի Կառնակի հետ: Անցքերի առկայությունը քարերում առանձնացնում է Քարահունջը նման տիպի օբյեկտների շարքում»,-հավելել է գիտարշավի անդամ, աշխարհագրագետ Նիկոլաս Հովարդը:

Գիտնականները նախատեսում են լազերային սկանավորում անցկացնել՝ ստանալու համար Քարահունջի եռաչափ պատկերը: Լազերային սկանավորումը թույլ կտա չափագրել օբյեկտը բարձր ճշգրտությամբ, առավել մանրամասն տեղեկություններ հավաքել օբյեկտի քարտեզագրման համար: Այդ քարտեզի միջոցով հեշտ կլինի որոշել նրա դիրքը աստղերի հանդեպ: Սակայն, դա շատ թանկարժեք միջոցառում է, որի համար հարկավոր է կառավարության թույլտվությունը:

«Երկու ամիս առաջ մենք նամակով դիմել էինք ՀՀ վարչապետին, որտեղ խնդրել էինք կառավարության աջակցությունը, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել: Սակայն, մենք հույսներս չենք կտրում»,-ասել է գիտարշավի ղեկավարը:-«Մենք ցանկանում ենք նաև, որ Քարահունջն ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---