Հայ առաքելական եկեղեցին Վրաստանում կստանա «հասարակական իրավունքով իրավաբանական անձի» կարգավիճակ

Հայ առաքելական եկեղեցին Վրաստանում կստանա «հասարակական իրավունքով իրավաբանական անձի» կարգավիճակ

PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանն ուրբաթ օրն առաջին ընթերցմամբ ուղղումներ է մտցրել Քաղաքացիական օրենսգրքում, որոնց համաձայն 5 կրոնական միավորումների շնորհվում է հասարակական իրավունքով իրավաբանական անձի կարգավիճակ: Պատգամավորները քվեարկել են համապատասխան շտկումների համար խորհրդարանի արտահերթ նիստում: Հասարակական իրավունքով իրավաբանական անձի կարգավիճակ ստանալու են Հայ առաքելական եկեղեցին, Հռոմի կաթոլիկ եկեղեցին, մուսուլմանական համայնքը, հուդայական համայնքը և Վրաստանի բապտիստական եկեղեցին: Օրինագծի դեմ հանդես է եկել «Քրիստոնյա-դեմոկրատական» ընդդիմադիր խմբակցությունը: «Վրացական եկեղեցին նման կարգավիճակ չունի… Մենք պետք է հասկանանք` պատրաստվում են Ադրբեջանը և Հայաստանը նույնպիսի կարգավիճակ շնորհել վրացական եկեղեցուն, որպեսզի դա չլինի մի ուղղությամբ պարզված ձեռք»,- ասել է խմբակցության անդամ Նիկոլոզ Լալիաշվիլին:

«Վրացական եկեղեցու դերը չի թուլանում, և այն պահպանում է իր բարձրագույն կարգավիճակը»,- հայտարարել է վրացական խորհրդարանի խոսնակ Դավիլ Բակրաձեն, հաղորդում է Նովոստի Գրուզիան:

Վրաստանի իշխանությունները ոչ ցանկություն, ոչ էլ քաղաքական կամք ունեն ՀԱԵ խնդիրները Վրաստանում լուծելու համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը: Նա նշել է, որ Վրաստանի հոգևոր ու աշխարհիկ իշխանություններն անընդհատ փորձում են խուսափել ՀԱԵ հետ կապված խնդիրները լուծելուց և պատասխանատվությունը մեկը մյուսի վրա դնում: Պատգամավորը նաև ընդգծել է, որ վրացական կողմի առաջարկներն անընդունելի են: Շիրակ Թորոսյանը մասնավորապես տարօրինակ է համարում Վրաց ուղղափառ եկեղեցուն Հայաստանում նույն իրավունքները շնորհելու պահանջը, ինչ ՀԱԵ-ին Վրաստանում: Նա նշել է, որ Վրաստանում հարյուր հազարավոր հայեր են ապրում, որոնցից 150 հազարը՝ բնակվում են իրենց պատմական հայրենիքում՝ Ջավախքում, իսկ Հայաստանում չկա խոշոր և ակտիվ վրացական համայնք:

Թորոսյանը նշել է նաև, որ վրաց եկեղեցին պահանջել է իրեն փոխանցել Լոռու մարզում գտնվող 5 հայկական եկեղեցիները՝ ի պատասխան Վրաստանի հայկական եկեղեցիները ՀԱԵ-ին վերադարձնելու պահանջներին: Նա նշել է, որ թեև նշված եկեղեցիները քաղկեդոնական ոճով են կառուցված, սակայն դրանք բուն հայկական եկեղեցիներ են: «Եկեղեցիները հիմնվում են այնտեղ, որտեղ կան հավատացյալներ»,-ասել է նա:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---