Սոպրանո Նարինե Եղյանը դուրս մնաց Operalia մրցույթում հետագա պայքարից

Սոպրանո Նարինե Եղյանը դուրս մնաց Operalia մրցույթում հետագա պայքարից

PanARMENIAN.Net - Հռչակավոր տենոր Պլասիդո Դոմինգոյի հիմնած Operalia օպերային երգիչների մրցույթում Հայաստանը ներկայացնող Նարինե Եղյանը չանցավ եզրափակիչ փուլ:

Կիսաեզրափակիչ փուլի 23 մասնակիցներից միայն 13-ին հաջողվեց անցնել եզրափակիչ, որոնց թվում է նաև Ռուսաստանը ներկայացնող Խաչատուր Բադալյանը: Եզրափակիչ փուլը կայանալու է հուլիսի 24-ին:

Մրցույթին Հայաստանը ներկայացնում էին 3 երգիչներ. սոպրանո Ռոզի Անուշը, ով ելույթ է ունեցել Պլասիդո Դոմինգոյի հետ Երևանում, սոպրանո Նարինե Եղյանը և տենոր Միքայել Քառլիյանը:

Մրցույթի համար ներկայացվել էր ավելի քան 800 դիմում, որոնցից ընտրվել են 40-ը` 20 երկրից:

Մրցույթը Դոմինգոն հիմնադրել է 1993 թ-ին: Այն անցկացվում է ամեն տարի և ամեն անգամ աշխարհի տարբեր քաղաքներում (Փարիզ, Մեխիկո, Մադրիդ, Տոկյո, Պուերտո Ռիկո, Լոս Անջելես և այլն): Մրցանակային ֆոնդը կազմում է 175.000 ԱՄՆ դոլար: Նախատեսված է երկու առաջին տեղի մրցանակ ($30.000), երկու երկրորդ տեղի մրցանակ ($20.000), երկու երրորդ տեղի միցանակ ($10,000): Մրցանակներից մեկը հատկացվելու է լավագույն կանացի, մյուսը` տղամարդու վոկալի համար:

Բացի դրանից հատկացվելու են Բրիջիթ Նիլսոնի անվան $15.000 մրցանակ Վագների և Ստրոսի երգացանկից լավագույն կատարման համար, Պեպիտա Էմբիլ Դոմինգոյի` տենորի մոր անվան մրցանակ, լավագույն սարսուելա կատարող երգչուհուն ($10.000), տենորի հոր` Դոն Պլասիդո Դոմինգոյի անվան մրցանակ լավագույն սարսուելա կատարող երգչին ($10.000), Culturarte մրցանակ ($10.000), հանդիսատեսի համակրանքին արժանացած երգիչ և երգչուհի (Rolex ֆիրմային ժամացույց) և Ex aequo մրցանակ:

Մրցույթը ստեղծվել է ոչ միայն բացահայտելու նոր ձայներ, այլև այնպիսի անհատականությունների, ովքեր վաղը կդառնան օպերային աստղեր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---