«Նոր ալիք 2011». Էրիկը ռուսաստանցի Անդրեյ Grizz-Lee-ի հետ կիսեց 5-6-րդ տեղերը

«Նոր ալիք 2011».  Էրիկը ռուսաստանցի Անդրեյ Grizz-Lee-ի հետ կիսեց 5-6-րդ տեղերը

PanARMENIAN.Net - Հուլիսի 30-ին ավարտվեց Յուրմալայում ընթացող երիտասարդ կատարողների «Նոր ալիք 2011» միջազգային մրցույթի երրորդ՝ վերջին մրցութային փուլը: Երեք մրցույթների արդյունքում Հայաստանը ներկայացնող Էրիկը Ռուսաստանը ներկայացնող Անդրեյ Grizz-Lee-ի հետ 335 միավորով կիսեց 5-6-րդ տեղերը: Երրորդ մրցութային օրը նա վաստակեց 108 միավոր, որն այդ օրվա լավագույն ցուցանիշներից էր:

Մրցույթում հաղթող դարձավ ԱՄՆ-ն ներկայացնող Ջեյդեն Ֆելդերը 341 միավորով: Երկրորդ տեղում է ուկրաինուհի Մաշա Սոբկոն, իսկ երրորդ տեղում` Ռուսաստանը ներկայացնող «Ն.Ա.Ո.Մ.Ի.» խումբը:

Այսօր կայացող գալա համերգին պարզ կդառնա «Հանդիսատեսի համակրանք» անվանագարգի հաղթողը: Ժյուրիի կազմում ընդգրկված էին երգահաններ Իգոր Կրուտոյը, Ռայմոնդ Պաուլսը, Յուրի Անտոնովը, Իգոր Նիկոլաևը, երգիչներ Վալերի Մելաձեն, Լայմա Վայկուլեն, Ֆիլիպ Կիրկորովը, Լեոնիդ Ագուտինը, Վալերիան և պրոդյուսերներ Կոնստանտին Մելաձեն ու Մաքս Ֆադեևը:

Մրցույթի կազմակերպման գաղափարի հեղինակները կոմպոզիտորներ Իգոր Կրուտոյն ու Ռայմոնդ Պաուլսն են: Այն անցկացվում է սկսած 2002 թվականից, որտեղ առաջին հաղթող է ճանաչվել ռուսական «Սմեշ» խումբը: Մրցույթի հիմնական նպատակը նոր անուններ բացահայտելն է: Տարբեր տարիներին Հայաստանը ներկայացրել են երգիչներ Էմմին, Ռազմիկ Ամյանը, Մհերը և այլոք: 2010թ-ին մրցույթի հաղթող դարձավ Հայաստանը ներկայացնող Սոնա Շահգելդյանը: Այս տարի մրցույթի եզրափակչում ելույթ ունեցան 16 մասնակիցներ 14 երկրներից: Մրցույթին առաջին անգամ մասնակցեց Տոգոն:

Այս տարվա մրցութային ֆոնդը կազմում է 100.000 եվրո: Առաջին մրցանակակիրը կստանա 50.000, երկրորդը` 30.000, իսկ երրորդը` 20.000 եվրո: Բացի դրանից, կհանձնվեն նաև «Հանդիսատեսի համակրանք» և Յուրմալայի քաղաքային դումայի մրցանակները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---