Թուրքերի և ադրբեջանցիների մուտքն ԱՄՆ, ըստ ամենայնի, պետք է արգելվի, Օբաման չի ցանկանում իր երկրում ցեղասպանության մեղավորների տեսնել

Թուրքերի և ադրբեջանցիների մուտքն ԱՄՆ, ըստ ամենայնի, պետք է արգելվի, Օբաման չի ցանկանում իր երկրում ցեղասպանության մեղավորների տեսնել

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է այն անձանց մուտքը Միացյալ Նահանգներ, որոնց կասկածում են մարդու իրավունքների խախտման և, ամենակարևորը, ցեղասպանության իրագործման մեջ: Նման անձանվ թվին են պատկանում նրանք, ովքեր ծրագրել, կարգադրել և օգնել են իրագործել բռնության զանգվածային գործողություններ քաղաքացիական բնակչության դեմ ռասայական պատկանելության, սեռի, սեռական կողմնորոշման, ցեղերի ու սոցիալական խմբերի պատկանելության հատկանիշներով, ինչպես նաև քաղաքական դրդապատճառներով: Արգելվում է նաև բոլոր այն անձանց մուտքը, որոնք մասնակից են ռազմական հանցագործություններին»,-ասվում է փաստաթղթում: Որոշման պատասխանատուն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն է:

Ավելին, Օբաման կարգադրել է ստեղծել Ոճրագործությունների կանխարգելման գործակալություն (Atrocities prevention board), «որը կհետևի բռնության խոշոր պոտենցիալ ակտերին ողջ աշխարհում»: Ըստ ամերիկյան նախագահի, «Հոլոքոսթից 66 և Ռուանդայի քաղաքացիական պատերազմից 17 տարի անց դեռ չի ստեղծվել խոշորամասշտաբ հանցագործությունների ու ցեղասպանության կանխման մեխանիզմ»: Ընդ որում, «ԱՄՆ նախագահի կարծիքում» ոչինչ չի ասվում 20-րդ դարի առաջին ցեղասպանության` Հայոց ցեղասպանության մասին Օսմանյան Թուրքիայում, որը 1,5 մլն կյանք խլեց: Օբաման, դեռևս չլինելով նախագահ, բազմիցս խոստացել է ընտրվելու դեպքում անպայման ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նույն դիրքորոշումը նախքան ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելը կիսում էր նաև Հիլարի Քլինթոնը:

Սակայն ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո Օբաման ամեն կերպ խուսափում է իր խոստումը կատարելուց, արդեն մի քանի անգամ է, ինչ նա ապրիլի 24-ի իր` հայ համայնքին ուղղված ամենամյա ուղերձում այդ ողբերգական իրադարձություններն անվանում է «Մեծ եղեռն» հայկական եզրույթով:

Չնայած ամերիկյան նախագահի «մոռացկոտությանը», ելնելով նրա հրամագրի տրամաբանությունից, այսուհետ Հայոց ցեղասպանության մեջ մեղավոր և մինչ օրս սեփական մեղքը ժխտող թուրքերի և, առավել ևս, ընդամենը 20 տարի առաջ Սումգայիթում և Բաքվում տեղ գտած զանգվածային սպանությունների մեջ մեղավոր ադրբեջանցիների մուտքն ԱՄՆ արգելված պետք է լինի: Իհարկե, միամտություն կլինի ենթադրել, որ այսքան տարի Թուրքիայի ժխտման քաղաքականությանն աջակցելուց և Սումգայիթում ու Բաքվում հայերի ջարդերն «անտեսելուց» հետո ամերիկյան կառավարությունը կորոշի վերականգնել արդարությունը և արգելել մուտքն ԱՄՆ Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչների համար` նրանց որակելով գոնե որպես ցեղասպանության մեջ «կասկածյալներ»: Սակայն, լավատեսորեն նայելով ապագային, կարելի է հուսալ, որ ԱՄՆ նախագահի այդ հրամանագիրը կդառնա առաջին, թեկուզև փոքր քայլը, և ամերիկյան կառավարությունը համարձակություն կունենա առերեսվելու իրականությանը, ճանաչելու Հայոց ցեղասպանությունն ու դատապարտելու Սումգայիթի և Բաքվի ցեղասպանությունների ոճրագործներին:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---