Ղարաբաղը կդառնա Մեդվեդև-Ալիև զրույցի հիմնական թեմաներից մեկը

Ղարաբաղը կդառնա Մեդվեդև-Ալիև զրույցի հիմնական թեմաներից մեկը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Դմիտրի Մեդվեդևը Սոչիում երեքշաբթի կքննարկեն ղարաբաղյան կարգավորմանն ու Կասպից ծովի իրավական կարգավիճակին առնչվող հարցեր: Ինչպես լրագրողներին են հայտնել ՌԴ նախագահի մամլո ծառայությունում, Ալիևը կայցելի Ռուսաստան աշխատանքային այցով ՌԴ նախագահի հրավերով:

«Հանդիպման ժամանակ երկու նախագահները կարծիքներ կփոխանակեն ռուս-ադրբեջանական հարաբերությունների առանցքային հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային օրակարագի արդի հարցերի շուրջ, առաջին հերթին ղարաբաղյան կարգավորման շուրջ»,-ասվում է հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Կրեմլում հիշեցրեցին, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները կանոնավոր կերպով հանդիպում են եռակողմ՝ Հայաստանի նախագահի մասնակցությամբ, հանդիպումների ժամանակ: Վերջին նման հանդիպումը տեղի է ունեցել Կազանում հունիսի 24-ին:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ Դմիտրի Մեդվեդևը, հավանաբար, կհանդիպի Ղազախստանում ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա օգոստոսի 12-ին:

ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հունիսի 24-ին Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, կողմերն առաջընթաց են արձանագրել այդ նպատակին հասնելու ճանապարհին: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---