Եվրոպական ՀՀՊ համակարգերը տեղադրելու վերաբերյալ բանավեճերը նոր թափ են ստանում

Եվրոպական ՀՀՊ համակարգերը տեղադրելու վերաբերյալ բանավեճերը նոր թափ են ստանում

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպման ընթացքում Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտարարել է Ռուսաստանի հետ համագործակցության մասին ՆԱՏՕ կողմից ՀՀՊ համակարգ ստեղծելու պարագայում: «ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգը կարող է լրացուցիչ դեր խաղալ` չլինելով փոխարինում: Նախագահն աջակցել է այս հարցի շուրջ Ռուսաստանի հետ համագործակցությունը»,- նշվում է նախագահի մամլո ծառայության փաստաթղթում:

Այդ հայտարարությանը հետևել է Թուրքիայի տարածքում ՀՀՊ համակարգեր տեղադրելու մասին հայտարարությունը: Դրա հետ կապված` նախօրեին ԱՄՆ պետդեպարտամենտը տեղեկատվություն է տարածել, որ ողջունում է Թուրքիայի տարածքում ռադարի տեղակայումը: «Այդ որոշումն ամրապնդելու է ամերիկյան դաշնակիցների անվտանգությունը»,- նշվում է Պետդեպարտամենտի հայտարարությունում:

Թուրքիայում տեղակայվելու են հրթիռային հարձակման սպառնալիքի մասին վաղ նախազգուշացման ռադարներ, գրում է թուրքական Hurriyet-ը: ՀՀՊ համակարգի տեղակայման մասին որոշումն ընդունվել է անցյալ տարի Լիսաբոնում կայացած ՆԱՏՕ համաժողում, հաղորդում է թերթը: Ավելին, Թուրքիան ծրագրի հենց սկզբից աջակցել է ռադարի տեղակայմանը, նշել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սելջուկ Ունալը:

Եվրոպական ՀՀՊ համակարգերի ստեղծման առաջին փուլում, որը պլանի համաձայն, պետք է ավարտվի այս տարի, նախատեսում է Եվրոպայում իրենց արդյունավետությունն ապացուցած ՀՀՊ համակարգերի տեղադրում, ներառյալ ծովային տեղակայման Aegis համակարգերը: Ռադարի և հրթիռների կասեցման համակարգերի տեղակայումը թույլ կտա հակազդել Եվրոպայում բալիստիկ հրթիռային սպառնալիքներին:

Երկրորդ փուլն ավարտվելու է 2015-ին, երրորդ փուլը պետք է ավարտվի 2018-ին, որը նախատեսում է մշակում, թեստավորում և կատարելագործված SM-3 տեղակայում:

ՀՀՊ համակարգի ստեղծման չորրորդ փուլը նախատեսվում է ավարտել 2020-ին: Այն ենթադրում է SM-3 տեղակայում միջին և հեռավոր շառավիղով հրթիռային սպառնալիքներին ավելի լավ հակազդելու համար:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---