ՀՀ նախագահ. Հայաստանն արդեն որոշակի առաջընթաց է գրանցել ՏՏ ոլորտում

ՀՀ նախագահ. Հայաստանն արդեն որոշակի առաջընթաց է գրանցել ՏՏ ոլորտում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 11-ին նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր, Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի 2011 թվականի մրցանակին արժանացած Սթիվ Վոզնյակին: Ինչպես հայտնում է նախագահի մամլո ծառայությունը, հանդիպումից հետո նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2011 թվականի մրցանակի հանձնման արարողությունը: Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների (ՀՏՏ) մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը ներկայացրել է մրցանակակրի ընտրման ընթացակարգը, իսկ ՀՏՏ մրցանակի խորհրդի համանախագահ Ռիչ Գոլդմանն իր ելույթում անդրադարձել է ՀՀ նախագահի մրցանակի գաղափարին և առաքելությանը, ներկայացրել՝ մրցանակի արժանացած Սթիվ Վոզնյակին:

Մրցանակի հանձնման առիթով տեղի ունեցած ընդունելության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: «Ուրախ եմ ողջունելու Երևանում մեր ժամանակների ամենանշանավոր ճարտարագետներից մեկին, «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր պարոն Սթիվ Վոզնյակին: Այսօր Երևանում պարոն Վոզնյակին ենք շնորհում, ինչպես ինքն է ասել հարցազրույցներից մեկում, «մի շատ հատուկ մրցանակ»` Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար մեր մրցանակը: Լուրերի հոսքին հետևողները, անգամ նրանք, ովքեր չեն կիրառում իրենց առօրյա կյանքում տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցները, շատ լավ գիտեն, թե ո՞վ է Սթիվ Վոզնյակը և ի՞նչ դերակատարում է ունեցել:

Նա այն մարդն է, ով հեղափոխեց աշխարհը` նախաձեռնելով առաջին անհատական համակարգիչների ստեղծումը: Նրա շնորհիվ համակարգիչները դուրս եկան գիտական ու ռազմական հաստատություններից, մեծ հիմնարկներից և մտան յուրաքանչյուր բնակարան, յուրաքանչյուր մարդու կենցաղ: Ընդհանուր առմամբ, ես դեմ եմ հեղափոխություններին, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք տեղի են ունենում քաղաքակրթության ոլորտում, այնպես՝ ինչպես ընդունվեց քրիստոնեությունը, ինչպես եղավ գրատպության, շոգեքարշի ստեղծման և, բնականաբար, համակարգիչների պարագայում: Սրանք ողջունելի հեղափոխություններ են»,-ասել է նախագահը:

«Նրանք երկու ընկեր էին` երկուսն էլ Սթիվ անունով: Նրանցից մեկը` պարոն Ջոբսը, վերջերս անժամանակ հեռացավ կյանքից: Ձեր ընկերոջ կորստյան կապակցությամբ ես, իհարկե, ցավակցում եմ Ձեզ, նրա ընտանիքին, բարեկամներին, հարազատներին: Եվ վստահ եմ, որ Սթիվ Ջոբսը դեռ երկար տարիներ ոգևորելու է շատ-շատ մարդկանց ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում»,-ասել է նախագահը:

«Այսօր Հայաստանն արդեն արձանագրել է զգալի առաջընթաց տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների զարգացման բնագավառում: Այս ոլորտը Հայաստանի արդյունաբերության ամենաբարձր ավելացված արժեք ստեղծող և ամենաարագ զարգացող ճյուղն է, որն ամեն տարի արձանագրում է շուրջ 25 տոկոս աճ և առաջընթաց: Եվ ես ուրախ եմ, որ Հայաստանում արդեն գործում են 300-ից ավելի ընկերություններ, որոնք միավորում են 5000-ից ավելի մարդկանց ջանքեր, ովքեր ունեն սիրած աշխատանք, բարձր աշխատավարձ և պահանջված մասնագիտություն:

Շատ կարևոր է գիտակցել, որ այս ոլորտի համար բացարձակապես խոչընդոտ չեն տրանսպորտային և այլ խնդիրները: Մենք հետևողականորեն ճանապարհ ենք հարթելու, որպեսզի հայ ժողովուրդն իր արժանի տեղը զբաղեցնի արագ ձևավորվող և փոփոխվող թվային աշխարհում: Մենք պատրաստ ենք լինել ճկուն և հարմարվել այս արագ փոփոխվող աշխարհի պայմաններին: Դրա վկայություններից մեկն էլ այս մրցանակաբաշխությունն է»,-ասել է նախագահը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---