Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խմբին պարզապես որպես հյուր է սպասում կամ ո՞վ կակտիվացնի ղարաբաղյան գործընթացը

Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խմբին պարզապես որպես հյուր է սպասում կամ ո՞վ կակտիվացնի ղարաբաղյան գործընթացը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել է այն մասին, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական` նոյեմբերի վերջին ծրագրված տարածաշրջան կատարելիք այցից Ադրբեջանն առանձնապես ակնկալիքներ չունի»:

Եվ դա միանգամայն բացատրելի է: Նախ, համանախագահների բոլոր այցերը, համենայն դեպս, արտաքնապես ավարտվել են միայն մի բանով` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համար բոլոր հնարավոր ջանքերի գործադրումը շարունակելու մտադրության մասին հերթական հռչակագրային հայտարարությամբ: Ավելին, արդեն հաստատվել են համանախագահներից մեկի փոխարինման մասին լուրերը. Բեռնար Ֆասյեի փոխարեն Ֆրանսիայից Մինսկի խմբում համանախագահելու է Ուկրաինայում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժակ Ֆորը: Հետևաբար Բաքվում ենթադրում են, որ ՄԽ այս, ամենայն հավանականությամբ, վերջին այցը Բեռնար Ֆասյեի մասնակցությամբ առավել ևս ոչինչ չի տա:

Երկրորդը, մոտակա երկու տարիների ընթացքում ամենուրեք ընտրություններ են սպասվում` և' Հայաստանում, և' Ադրբեջանում, և' համանախագահ երկրներում` Ռուսաստանում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում: Համապատասխանաբար այդ երկրների իշխանություններն առավել զբաղված են ներքաղաքական խնդիրներով, քան ղարաբաղյան հակամարտությամբ: Միանգամայն հնարավոր է, որ համանախագահներին թեկուզև չհրապարակված ուղենիշ է տրված` ներկայիս իրադրությունը պահպանել, պատերազմ թույլ չտալ: Ուստի համանախագահների գործողությունները, ամենայն հավանականությամբ, հիշեցնելու են տեղում դոփելով վատ տանգո` չտրորել զույգի ոտքերը, իսկ աջ կամ ձախ կատարած քայլը գնահատվելու է որպես անպետք շարժում:

Երրորդը, թերևս, ամենակարևորը: Բաքվում արդեն սովորել են, որ ո'չ Մինսկի խմբի համանախագահները, ո'չ որևէ այլ կազմակերպություն չի կարող կամ պարզապես չի ցանկանում Ադրբեջանին ստիպել հրաժարվել բոլորովին ապակառուցողական դիրքորոշումից, այսօր-վաղը պատերազմ սկսելու դատարկ սպառնալիքներից և ռազմատենչ հայտարարություններից: Ավելին, ժողովրդավարական և «խաղաղասեր» միջազգային հանրությունը աչք է փակում այն փաստի վրա, որ իր բացարձակ անպատժելիությամբ ոգևորված Ադրբեջանը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմն ու սպանում հայ զինվորներին և անգամ խաղաղ բնակիչներին: Միայն անցյալ հանգստյան օրերին ադրբեջանական դիպուկահարների զոհն են դարձել Արցախի Պաշտպանության բանակի երկու զինծառայողներ:

Խրամատային պատերազմ է ընթանում, Ադրբեջանը, համոզված լինելով իր անձեռմխելիության մեջ, սադրանքների հետ մեկտեղ հնարավորինս երկարաձգում է խաղաղ բանակցությունները, ի ցույց դնում իր զենքն ու նավթադոլարները` ամեն անգամ բթացնելով միջնորդների զգոնությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն իր հավատարմության մասին հայտարարություններով և, դատելով Մինսկի խմբի միջնորդական առաքելության հանդեպ անտարբեր վերաբերմունքից, բավական հիմնավոր է բթացնում:

Եվ, ըստ երևույթին, Արցախին ու Հայաստանին, որոնք իսկապես ուզում են, ի վերջո, հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը, վիճակված է վաղ, թե ուշ արթնացնել միջնորդական այդ ննջող թագավորությունը:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---