Թբիլիսիում կայացել է Մանթաշևին նվիրված` “Գործ` ողջ կյանքի” գրքի շնորհանդեսը

Թբիլիսիում կայացել է Մանթաշևին նվիրված` “Գործ` ողջ կյանքի” գրքի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 17-ին վերստին մարդաշատ էր Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնը: Այստեղ էին հավաքվել թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչները, մտավորականներ, հասարակական կազմակերպությունների և երիտասարդական միությունների անդամներ: Այստեղ էր գտնվում նաև Վրաստանում ՀՀ դեսպանի տիկին Արմինե Մանուկյանը: Մշակույթի Կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ 19-րդ դարի մեծահարուստ և խոշոր նավթարդյունաբերող, իր ժողովրդի նվիրյալ և մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշևի ծննդյան 170-ամյակին նվիրված «Գործ՝ ողջ կյանքի» գրքույկի շնորհանդեսը և «Մեծ հայի խիղճը» ֆիլմի ցուցադրումը:

«Հայարտան» մշակույթի բաժնի ղեկավար Լևոն Չիդիլյանը ներկաներին տեղեկացրեց, որ Հայ Առաքելական Սուրբ Ուղղափառ Եկեղեցու Վիրահայոց թեմի, նրա առաջնորդ գերաշնորհ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Հայարտուն» մշակույթի կենտրոնը ձեռնամուխ է եղել վիրահայ մեծամեծերին նվիրված շարքի՝ հուշ-գրքույկների հրատարակությանը, որի առաջնեկը դարձավ Ենոք Թադևոսյանի «Գործ՝ ողջ կյանքի» գրքույկը՝ նվիրված մեր մեծ հայրենակից Ալեքսանդր Մանթաշևին: Իր խոսքում Ենոք Թադևոսյանը շնորհակալություն հայտնեց գրքույկի պատրաստման և երկլեզու հրատարակության գործի մասնակիցներին և այն հեղինակելու պատվին իրեն արժանացնելու համար:

Ներկա հասարակայնությանն ուղղված իր խոսքում Վիրահայոց Թեմի առաջնորդ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն առանձնահատուկ ընդգծեց, որ վիրահայությունն, իրավամբ, իր անցյալով հպարտանալու շատ և շատ առիթներ ու վկայություններ ունի, սակայն եկել է ժամանակը խոսելու ներկայով և հպարտանալու ապագայով: Իսկ դրա համար վիրահայությունն ունի իր կարողունակ ուժը, հանձին ազգապահպանության գործի նվիրյալների մի ամբողջ սերնդի: Սերունդ, որը համախմբված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջը, ստեղծելով և զարգացնելով իր մշակութային օջախները, պատրաստ է Թբիլիսիում հայ մարդուն վերադարձնելու այն հեղինակությունն ու հարգանքը, որի կրողները եղել են Ալեքսանդր Մանթաշևը և նրա սերնդակիցները,-եզրափակեց իր խոսքը Հոգևոր առաջնորդը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---