Մահացել է հայ հետախույզ, ԽՍՀՄ հերոս Գևորգ Վարդանյանը

Մահացել է հայ հետախույզ, ԽՍՀՄ հերոս Գևորգ Վարդանյանը

PanARMENIAN.Net - Հունվարի 10-ին Մոսկվայի Բոտկինյան հիվանդանոցում մահացել է հայ հետախույզ, ԽՍՀՄ հերոս Գևորգ Վարդանյանը: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին ռուս-հայկական միությունից, Վարդանյանը մահացել է ուռուցքային հիվանդությունից:

Գևորգ Վարդանյանին կթաղեն Երևանի Պանթեոնում:

Գևորգ Վարդանյանը ծնվել է 1924թ փետրվարի 17-ին Դոնի-Ռոստովում: 1930թ. Վարդանյանների ընտանիքը տեղափոխվել է Իրան: Գևորգ Վարդանյանի հայրը կապված էր ռուսական ներքին հետախուզության հետ, և հոր ցանկությամբ տղան դարձավ հետախույզ:

Գևորգ Վարդանյանն ընդամենը 16 տարեկան պատանի էր, երբ կյանքը խորհրդային հետախուզության հետ կապեց: 1940-ից ղեկավարել է հատուկ խումբը, որն զբաղվում էր Թեհրանում և այլ քաղաքներում ֆաշիստ գործակալների և գերմանացի հետախույզների բացահայտմամբ: Երկու տարում նրա խումբը բացահայտել է ավելի քան 200 մարդու, որոնք ինչ-որ կերպ կապ ունեին գերմանական հետախուզության հետ: Գևորգ Վարդանյանի հետախուզական գործունեության պատմության մեջ հատկապես նշվում է 1943 թվականը, երբ Թեհրանում կայանալիք կոնֆերանսին գործընկերների հետ պետք է ապահովեր 3 խոշոր տերությունների ղեկավարների (Ստալին, Ռուզվելտ, Չերչիլ) անվտանգությունը: Հայ հետախույզին և նրա գործընկերներին հաջողվել է կանխել այդ «մեծ եռյակի» ղեկավարների դեմ ֆաշիստական Գերմանիայի ծրագրած մահափորձը: Այդ իրադարձություններից տասնյակ տարիներ անց Գևորգ Վարդանյանին է հանդիպում Ուինսթոն Չերչիլի թոռնուհին և հատուկ շնորհակալություն հայտնում իր պապի կյանքը փրկելու համար:

1951թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը: Երկար տարիներ աշխարհի տարբեր երկրներում շատ բարդ իրավիճակներում բազմաթիվ հետախուզական օպերացիաներ է իրականացրել: Գևորգ Վարդանյանի կողքին միշտ եղել է նրա կինը, համախոհն ու գործընկերը` Գոհար Լևոնովնա Վարդանյանը, ով հայրենիքին մատուցած հետախուզական ծառայությունների համար պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով: Հետախուզական վերջին գործուղումից Վարդանյան ամուսինները վերադարձել են 1986 թվականին: Մի քանի ամիս անց Գոհար Վարդանյանը անցել է թոշակի, իսկ Գևորգ Վարդանյանն իր ծառայությունը շարունակել է մինչև 1992թ.:

Նույնիսկ թոշակի անցնելուց հետո Գևորգ Վարդանյանը ակտիվորեն համագործակցել է արտաքին հետախուզության ծառայության հետ, հանդիպել է երիտասարդ գործընկերների հետ և նրանց է փոխանցել իր հարուստ կենսափորձը: Հայ հետախույզն արժանացել է ԽՍՀՄ հերոսի կոչման, պարգևատրվել Լենինի, Կարմիր դրոշի, Մեծ Հայրենականի 2-րդ աստիճանի շքանշաններով և բազմաթիվ մեդալներով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---