18  17.02.12 - Բողոքի ակցիա ընդդեմ Մաշտոցի այգում շինարարությունների

Մաշտոցի այգու մեկօրյա «ոդիսականը». հանրային տարածքները փրկում են բետոնապատումից

Մաշտոցի այգու մեկօրյա «ոդիսականը». հանրային տարածքները փրկում են բետոնապատումից

PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան ժամը 10.30- 11.00-ի հատվածում համացանցը ողողվեց օգնության կոչերով բնապահպանների կողմից. Մաշտոցի պողոտայի այգում, որտեղ օրեր շարունակ նստացույց է անցնում, կրպակների շինարարությունը վերսկսվել էր և բետոնախառնիչ մեքենան փորձում էր մտնել շինհրապարակ, սակայն ակտիվիստները խոչընդոտում էին դրան: Համացանցում տարածված հաղորդագրության մեջ նրանք խնդրում էին՝ միանալ իրենց և թույլ չտալ ապօրինի շինարարությունը: Այդ ժամանակ իրավիճակը հսկում էին Ոստիկանության մոտ 60 աշխատակիցներ, որոնք փորձում էին ցրել շինարարությանը խոչընդոտող ցուցարարներին:

Ցուցարաներին ընդառաջ է գալիս քաղաքապետարանի ներկայացուցիչը

Քիչ անց ցուցարարներին ընդառաջ է գալիս քաղաքապետարանի Իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը, որը նրանց հորդորում է ցրվել և խոստանում շատ կարճ ժամանակամիջոցում տրամադրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: «Բոլորը այսօր գրավոր կստանան այն փաստաթղթերը, փաստերը, որոնց պահանջով դիմել են մեզ»,- ասում էր նա: Իսկ ցուցարարները նշում էին, որ ոչ մի տեղ չեն հեռանա մինչև փաստաթղթերը չտեսնեն: «Դուք մեզ ներկայացրեք փաստաթղթերը ու եթե դրանք մեզ չբավարարեն, մենք հայց կկազմենք, կգնանք դատարան, իսկ մինչ այդ խնդրում ենք, Ձեր լիազորություններն օգտագործելով, դադարեցնել շինարարությունը»,- պնդեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որ միացել էր ցուցարարներին, ու հրաժարվեց հեռանալ:

Ցուցարարները քաղաքապետարանի ներկայացուցչից պահանջում էին ներկայացնել բնապահպանական, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունների եզրակացությունները, իսկ վերջինս էլ նշում էր, թե տարածքը շատ փոքր է այդպիսի փորձաքննություններ իրականացնելու համար, և ամեն ինչ արվում է կառավարության «Ժամանակավոր շինությունների տեղադրման կարգի» համաձայն: Ցուցարարներն էլ հակադարձում էին, որ տարածքը 1500 մետրից ավել է և ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:

«Ի՞նչ եք ասելու Ձեր երեխաներին, երբ հարցնեն՝ ինչու են ծառերը բանտարկված»,- հարցնում էր Զարուհի Փոստանջյանը քաղաքապետարանի վարչության պետ Զավեն Առաքելյանին: Հարցը մնաց առանց սպառիչ պատասխանի. արդարացումն օրենքն էր ու քաղաքապետի որոշումը:

Ոստիկանները ցուցարարներին ցրելու համար չէին եկել

Ոստիկանության ներկայացուցիչը ցուցարարներին վստահեցրեց, որ իրենք չեն եկել ինչ-որ մեկին ցրելու, պարզապես եկել են բոլորի անվտանգությունը ապահովելու համար: Նա նշում էր, որ իրենք թույլ չեն տա վնասել ցուցարարներին, բայց միևնույն ժամանակ, նաև թույլ չեն տա ցուցարարներին վնասել աշխատող բանվորներին:

Ի՞նչ տվեց Զարուհի Փոստանջյանի ու Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի առանձնազրույցը

Այդ ընթացքում Զարուհի Փոստանջյանը, Երևան քաղաքի ոստիկանապետ Ներսես Նազարյանն ու մի քանի ակտիվիստ առանձնացել և առանձին բանակցում էին: Լրագրողնեին թույլ չտվեցին մոտենալ զրուցողներին: Առանձնազրույցից հետո ոստիկանապետը հայտարարեց. «Հիմա գնում եմ քաղաքապետարան ոստիկնապատետի և քաղաքապետի հետ բանակցելու, խնդրում եմ՝ հանգիստ պահենք ձեզ: Ես կես ժամից կգամ: Շինարարությունը հիմա թող շարունակվի: Հանգիստ բոլորը շարժվում են, ոստիկանները կանգնած են լինելու, ոչ մի բանի չեն խոչընդոտելու, նույն ժողովուրդն ենք, պետք չի մեզ առանձնացրել: Լրագրողների այն պնդմանը, թե իրենց աշխատանքին ոստիկանները խոչընդոտել են, Նազարյանը պատասխանեց. «Խնդրում եմ զեզ, մանր-մունր բաները մի դարձրեք «Լրագրողներին խոչընդոտել»:

Փոխգնդապետը խոստանում է բնապահպանների հետ քանդել կրպակները, եթե նման որոշում լինի

Ավելի ուշ Ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը այգու բնապահպան-ակտիվիստների հետ զրույցում հայտարարեց. «Եթե քանդման որոշում լինի, մենք կկանգնենք ձեր կողքին և կպահանջենք քանդել, բայց հիմա կա որոշում կառուցման մասին, և մենք՝ որպես օրենքի ներկայացուցիչներ ու պաշտպաններ, հետևում ենք, որ շինարարությունը բնականոն ընթանա»: Նա հավելեց, որ հարգում է քաղաքապետին, քաղաքապետարանի աշխատակազմին, բայց «մեր իրավասություններից դուրս է ասել՝ որ ծառից որքան հեռու պետք է լինի տաղավարը, շինարարության նորմեր որոշելը»:

Ոստիկաններին մահակներ բաժանեցին

Եթե Նազարյանի գնալուց հետո ցուցարարները քիչ-թե շատ հանդարտվել էին, ապա ժամը 16.00-ից հետո իրավիճակը Մաշտոցի պողոտայի հարակից պուրակում կրկին թեժացավ: Ակտիվիստ-ցուցարարների թիվը հասել էր մոտ 150-ի: Նրանցից մեկի՝ Հասմիկի պնդմամբ՝ ոստիկաններին ձեռնաշղթաներ ու մահակներ էին բաժանել, իսկ Զարուհի Փոստանջյանը չէր բացառում, որ իրենց նկատմամբ կարող են բռնություն կիրառել, քանի որ ինքն էլ էր տեսել՝ ինչպես են ոստիկաններին մահակներ բաժանում:

Արա Երնջակյանը «կրակի վրա յուղ լցրեց»

Երևանի պետական Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Արա Երնջակյանը, ով նաև հանդիսանում է ավագանու անդամ, եկել էր Մաշտոցի այգի և փորձում էր ցուցարարներին համոզել ցրվել. «Փորձում եմ սատարել ձեզ: Հասկանալով ձեր կարծիքը, ազատ արտահայտելու իրավունքը, հարգելով ձեր այդ իրավունքը՝ կարծում եմ, որ այնուամենայնիվ որոշ սահման, որը մենք պետք է պաշտպանենք, կա: Նման հավաքը նման վայրում նման ձևով ՀՀ օրենքների խախտում է»: Ցուցարարներն էլ խորհուրդ տվեցին նրան գնալ և շարունակել ներկայացումներ բեմադրել, այլ չճնշել ցուցարարներին. «Մենք հասկանում ենք, որ Դուք քաղաքապետից կախում ունեք, բայց պետք չէ նման բաներ ասել ու խոչընդոտել ազատ արտահայտվելու մեր իրավունքին»: «Հեռացիր, հեռացիր, ամոթ, ամոթ»,- գոչեցին ցուցարարները Արա Երնջակյանի հասցեին...

Քիչ անց պարզվեց, որ Արա Երնջակյանը Մաշտոցի պուրակ քաղաքապետարանից փաստաթուղթ էր բերել, որի մեջ գրված էր՝ «Ապամոնտաժել առաջին 2 կրպակները»: Դրանք կառուցված են պեմզաբլոկներից և վնասում էին հարակից ծառերին: Շինարարներից մեկը սկսեց քանդել այդ պատերը, սակայն դա ցուցարարներին չէր ոգևորում. «Ձևական բաներ են անում: Ոնց որ մարդու էշի տեղ դնեն... հիմա քանդում են, հետո նորից կկառուցեն: Ձևական բաներ են անում...»: Ակտիվիստները պատրաստվում էին պատասխանել Արա Երնջակյանի ներկայացրած նամակին:

Պատասխանի հիմնական էությունն էր՝ ինչ իմաստ ունի պատերը քանդելը, եթե մյուս կողմից էլ շարունակվում են եռակցման աշխատանքները:

Ցուցարարներն այլևս հույս չունեն պատասխան ստանալ. Անորոշություն

Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը խոստացել էր վերադառնալ՝ վերջնական որոշմամբ, սակայն չեկավ… Ցուցարարների մի մասին սկսեց նյարդայնացնել անորոշությունը, իսկ մյուս մասը փորձում էր չտրվել սադրանքներին և հանգիստ բանակցել: «Անհամբեր» ցուցարարերը առաջարկում էին ինչ-որ քայլեր ձեռնարկել, քանի որ այս կերպ քաղաքապետարան ու ոստիկանությունը ժամանակ էին շահում ու շարունակում էին կառուցել իրենց կրպակները. «Եկեք ձնագնդի խաղանք ոստիկանների հետ, կամ հայհոյենք նրանց, ովքեր մեզ չեն միանում... ինչ-որ կերպ աշուժացնենք իրավիճակը»:

Ակտիվիստը կոչ է անում չտրվել սադրանքներին

Ակտիվիստներից մեկը հայտարարեց. «Մենք՝ ցուցարարներս, ակցիայի կազմակերպիչներս, պաշտոնապես հայտարարում ենք, որ մենք ագրեսիա չենք ուզում, մենք մնալու ենք հանգիստ, թույլատրված ժամերին կերգենք, ու թույլատրված ժամերին էլ կպարենք: Սա մեր հանրային այգին է, և ոչ ոք չի կարող մեզ այստեղից ցրել: Ագրեսիվ քայլեր ձեռնարկողները, ոստիկաններին սադրողները մեզ հետ չեն, այդպե՞ս է»: Եվ բոլոր ցուցարարները միաձայն գոչեցին՝ «այդպես է»: ‎

Ոստիկանները հեռացան

Դրանից հետո 35-40 ոստիկան հավաքվեցին այգու ծայրամասում, զորքի նման շարվեցին և լսում էին հրամանատարին՝ փորձելով հասկանալ իրենց հետագա քայլերը: Այդ նույն ժամանակ ակտիվիստները որոշել էին, որ եթե ոստիկանները հեռանան, նրանց համար քայլերթ կնվագեն, իսկ եթե մնան՝ ինչ-որ տխուր մեղեդի...

Համապատասխան հրահանգներ ստանալուց հետո այդ 35-40 ոստիկանը, որ անկյունում խորհրդակցում էին, հեռացան պուրակից, սակայն ցավոք, ցուցարարները մարշ չնվագեցին: Արդյունքում, այգում մնաց մոտ 70 ցուցարար և մի քանի ոստիկան:

Հաջորդ հանդիպումը փետրվարի 18-ին՝ նույն վայրում

Արդեն երեկոյան ակտիվիսները թռուցիկներ պատրաստեցին, որի բազմաթիվ օրինակներ են մտադիր տպել ու երեկոյան տարածել քաղաքով մեկ, այդ թվում բաժանել անցորդներին, քաղաքի բնակիչներին: Թռուցիկում կոչ է արվում միանալ իրենց պայքարին վաղը՝ փետրվարի 18-ին:

Այս գիշեր ցուցարարները չեն մնալու այգու տարածքում, հավավքելու են վաղն առավոտյան ժամը 8-ից: Նրանք վստահ են, որ արդեն ավելի ուշ՝ կեսօրին մոտ այգում բազմաթիվ մարդիկ կլինեն, ու բոլորով միասին կպայքարեն հանրային տարածքը բետոնապատումից փրկելու, այն պահպանելու համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---