Բնապահպանական «պատերազմ» Երևանում. Քաղաքապետարանից մինչև Մաշտոցի այգու «գրավում»

Բնապահպանական «պատերազմ» Երևանում. Քաղաքապետարանից մինչև Մաշտոցի այգու «գրավում»

PanARMENIAN.Net - Բնապահպան-ակտիվիստները արդեն քանի օր շարունակ պայքարում են Երևանի Մաշտոցի պողոտային հարակից այգում, իրենց պնդմամբ, անօրեն շինարարության դեմ: Մի քանի օր տևած նստացույցը այսօր նոր ընթացք ստացավ: «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամներն ու Մաշտոցի այգու համար պայքարող մյուս բնապահպան-ակտիվիստները հայտարարություն էին տարածել, որ այսօր ժամը 13:00-ին հավաքվելու են քաղաքապետարանի դիմաց:

«Եթե Տարոն Մարգարյանը չի գալիս մեզ մոտ, մենք ենք գնում նրանց այցելելու»,- նշված էր հայտարարության մեջ:

Հավաքվում ենք քաղաքապետարանի մոտ

Նշանակված ժամին Երևանի քաղաքապետարանի դիմաց սկսեցին հավաքվել Մաշտոցի պողոտայի հարակից այգում կրպակների շինարարության դեմ պայքարող բնապահպան-ակտիվիստները: Նրանց թիվը սկզբում հասնում էր 30-ի և նրանց հավելյալ խմբեր միացան: Ցույցը հսկում էին մոտ 10-15 ոստիկաններ:

«Ես այսօր այստեղ անձնական կռիվ եմ տանում: Այդ այգին շատ-շատ եմ սիրում, և թող չասեն, թե կանաչ գոտի չէր, այգի չէր: Այնտեղ աղմուկ չկար, առևտուր չկար ու հանգստալանու համար կենտրոնի ամենահարմար տեղերից մեկն էր: Ես պայքարում եմ իմ հիշողությունների ու ապագա լավ պահերի համար»,- ասաց ակտիվիստնրից Լիլիթ Նաիրուհի Ղազարյանը:

Քիչ հետո քաղաքապետարանի դիմացի ցուցարարներին մոտեցան Մաշտոցի այգու ցուցարարները՝ «Կանաչ, մաքուր Երևան» կոչերով: Նրանք մոտ 50-60 հոգի էին և իրենց հետ ունեին բազմաթիվ պաստառներ, որոնցից մեկի վրա, օրինակ, գրված էր. «Վերացերե՛ք ձեր կրպակները Մաշտոցի այգուց»:

Հանդիպում Մակարյանի հետ. Քաղաքապետը հաստատ չի իջնելու

Ապա քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Մակարյանը դուրս եկավ ցուցարարների մոտ և ասաց, թե՝ «հիմա քաղաքապետն ազատ չէ և չի կարող ձեզ ընդառաջ գալ», իսկ ցուցարարներն էլ ասացին, որ եթե գոնե 1 րոպեով Տարոն Մարգարյանը դուրս չգա, իրենք չեն հեռանալու:

Ցուցարարները Մակարյանի միջոցով քաղաքապետին փոխանցեցին նամակ, որում 7 կետով նշված է՝ ինչու է Մաշտոցի պողոտայի այգու շինարարությունն անօրինական. «Պահանջում ենք անհապաղ դադարեցնել այգու կառուցապատման ողջ գոծընթացը և վերադարձնել հանրային տարածքը: Պահանջում ենք, որ ձեր առևտրային գործունեություն իրականացնելու համար ընտրեք ոչ հանրային տարածք»,- խոսեց ցուցարարներից մեկը: «Պահանջում ենք, պահանջում ենք» վանկարկում էին ցուցարարները:

Մակարյանը ցուցարարներին ասաց, որ որքան էլ սպասեն, միևնույն է քաղաքապետը նրանց ընդառաջ դուրս չի գալու, բայց ամեն դեպքում նրան կփոխանցի, որ իրեն սպասում են:

«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանը նշեց. «Մենք եկել ենք մեր արդար պահանջով: Մեզանից թաքուն մտել են մեր հանրային այգին, որը մենք սիրում ենք: Մենք հայտնաբերել ենք թույլատրված օրենսդրական, քաղաքաշինական բոլոր խախտումները և նոր վերլուծություններ ենք բերել ու փոխանցեցինք քաղաքապետին: Փոխանցեցինք նաև ստորագրությունները և խնդրեցինք, որ իջնի մեզ հետ խոսի և որ ամենակարևորն է, մենք՝ որպես Երևանի հանրություն, պահանջում ենք դադարեցնել և հանել այնտեղից այդ ամբողջ տաղավարային թուրիմացությունը...»:

Ոստիկանները, իրենց հերթին, հորդորում էին ցուցարարներին ու լրագրողներին ազատել քաղաքապետարանի աստիճանները և մի քիչ նեքևում հավաքվել՝ ազատելով քաղաքապետարանի մուտքը:

Քաղաքապետարանը կուսումնասիրի ցուցարարների ներկայացրած պահանջները

Ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը Երևանի քաղաքապետարանի մոտ հավաքված ցուցարարներին հայտնեց, որ քաղաքապետը հանձնարարել է ուսումնասիրել ցուցարարների ներկայացրած 7 կետերից յուրաքանչյուրն առանձին-առանձին: «Քաղաքապետի իջնելուն մի սպասեք, քանի որ հիմա մասնագետների հետ քննարկում են ձեր բողոքի կետերը և նա հիմա ձեզ ընդառաջ չի գալու»,- նշեց նա:

Ակտիվիստներից Եղիա Ներսիսյանը նշեց, որ իրենք ընդունում են՝ կետերն ուսումնասիրման կարիք ունեն, բայց նաև պահանջում են անհապաղ դադարեցնել շինաարությունը մինչև այդ կետերի ուսումնասիրությունը:

«Շինարարության կասեցում չի լինելու, մինչև ցուցարարների ներկայացրած 7 կետերը չուսումնասիրվեն և կասեցման մասին որոշում չլինի», - քաղաքապետի դիրքորոշումը ցուցարարներին փոխանցեց փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը:

Լսելով դա՝ ցուցարարները որոշեցին հետ գնալ դեպի Մաշտոցի այգի՝ շարունակելու իրենց անժամկետ ցույցը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը պատրաստ է դատարան դիմել

Միևնույն ժամանակ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը պաշտոնապես դիմել է քաղաքապետին՝ Մաշտոցի այգու խնդրի վերաբերյալ պաշտոնական պատասխան ստանալու հարցումով։

Հարցումը բաղկացած է հետևյալ 7 կետերից. «1. Մինչ հողահատկացումը ի՞նչ կարգավիճակ է ունեցել Երևան քաղաքի Մաշտոցի այգու տարածքը, և արդյոք փոխվե՞լ է տարածքի կարգավիճակը հողահատկացումից հետո: 2. Ե՞րբ են կատարվել հողահատկացումները, որքա՞ն մակերեսով, ի՞նչ նպատակով և որքա՞ն ժամկետով: 3. Ու՞մ կամ ո՞ր կազմակերպությանն (կազմակերպություններին) են կատարվել հողահատկացումները: 4. Ե՞րբ է տրվել վերոնշյալ տարածքում շինարարության թույլտվությունը և ի՞նչ հիմքով: 5. Խնդրում ենք տրամադրել հողահատկացման, շինարարական թույլտվության և ճարտարապետահատակագծային առաջադրանքի պատճենները: 6. Արդյոք իրականացվե՞լ է հասարակության ծանուցում և քննարկում տվյալ հանրային տարածքը առևտրային գոտու վերածելու վերաբերյալ: Եթե այո, ապա` ե՞րբ և ու՞մ մասնակցությամբ: 7. Խնդրում ենք հայտնել, թե նման շինարարության թույլտվություն տրամադրելիս, հաշվի առնվե՞լ է

«Քաղաքաշինություն. հատակագծում և կառուցապատում քաղաքային և գյուղական բնակավայրերի» ՍՆԻՊ 2.07.01-89 -ի 4.12 կետի 4-րդ աղյուսակի կանոնը (քաղաքաշինական նորմը), ըստ որի շինության արտաքին պատը ծառի բնից պետք է հեռու լինի 5 մետր»:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ոչ լիարժեք կամ ուշացած պատասխան կամ ապօրինի մերժում ստանալու դեպքում սովորաբար ԻԱԿ-ը դատական հայց է ներկայացնոմ տվյալ մարմնի դեմ. «Եթե մեզ չպատասխանեն, դիմելու ենք դատարան: Քաղաքապետարանը դեռևս 5 օր ունի մեր հարցերին պատասխանելու համար»:

Շինհրապարակի գրավումը

Մաշտոցի այգում կատարվող շինարարության դեմ բողոքող ակտիվիստները քաղաքապետերանի մոտից վերադարձան այգի և գրավեցին շինհրապարակը: Նրանք պոկեցին ցանկապատն ու մտան կրպակների տարածք, և շինարարությունը դադարեցվեց:

Մաշտոցի այգում արդեն ցուցարարների թիվը հասել էր 150-200: Նրանց միացել էին նաև եկել ճարտարապետ Դավիթ Մինասյանն, շոումեն և երգիր Արսեն Գրիգորյանն ու Արամոն. «Տարոն Մարգարյանը տղամարդու խոսք է տվել և մենք հավատում ենք, որ կրպակներն այստեղից էլ կհանեն»,- ասել են նրանք, իսկ Արամոն նաև հավելել է, որ. «Ինձ էլ հաճելի չի, որ այստեղ բուտկաներ են, ես էլ եմ ուզում, որ այգին պահպանվի, սակայն հավատում եմ, որ սա ժամանակավոր է, և այգին շուտով կվերականգնի իր նախկին տեսքը»:

Ցուցարարները չէին հեռանում շինարարության տարածքից և Ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը դիմե ցուցարարներին.«ՀՀ Ոստիկանությանունը, առաջնորդվելով «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի դրույթներով, պարտավոր է ձեռնարկել համարժեք միջոցներ, որպեսզի պաշտպանի օրենքով թույլատրվող շինարարությունն ու նաև ապահովի հավաքի մասնակիցների՝ խաղաղ ցույց անցկացնելու իրավունքը: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է գիտակցել, որ շինարարական աշխատանքներին խոչընդոտելը հակասում է «Խաղաղ հավաքների ու ցույցերի մասին» ՀՀ օրենքների դրույթներին»:

Ուլտիմատում՝ 20 րոպե

Քիչ հետո տեսնելով որ բնապահպանները անդրդվելի են՝ փոխգնդապետը նշեց, որ եթե կազմակերպիչներն ու ակտիվիստները շարունակեն խոչընդոտել շինարարական աշխատանքներին, ապա կենթարկվեն վարչական պատասխանատվության. «Իրավիճակի սրումը բացառելու նպատակով խնդրում ենք ձեռնպահ մնալ շինարարական աշխատանքները խոչընդոտելուց: Եթե չլքեք շինհրապարակը խելամիտ ժամկետում, որը շուտով մենք կսահմանենք, ոստիկամությունը ստիպված կլինի միջոցներ ձեռնարկել շինհրապարակը ազատելու համար»: Ոստիկանությունը որպես խելամիտ ժամկետ սահմանեց 20 րոպեն: Սակայն իրավիճակը շատ լարված էր մնում, քանի որ ակտիվիստները չէին պատրաստվում լքել կրպակները:

Խաղաղ երեկո

Այս հայտարարությունից հետո անցավ և 20 րոպե, և ավելին, սակայն Ոստիկանությունը ուժային քայլերի չդիմեց, միայն բանակցությունների միջոցով էր փորձում հարցին լուծում տալ. «Դուրս եկեք, հանգիստ ձեր ցույցը շարունակեք... այստեղ ձեր կյանքի համար էլ է վտանգավոր՝ հոսանք է անցկացված, կառույցը վերջնական ամրացված չէ...»: Երեկոյին մոտ ցուցարարներին միացավ նաև Անահիտ Բախշյանը:

Չհասնելով որևէ հանգուցալուծման՝ Ոստիկանների մեծ մասը հեռացավ, և ցույցը հսկելու համար մնացին մոտ 10 ոստիկան: Երեկոյան շարունակվեց երաժշտության ներքո՝ բնապահպանների բարձր տրամադրությամբ:

Արդեն երբ մթնեց, բնապահպանները, ընդունելով, որ երեկոյան արդեն շինարարություն չի լինի, տարածքը հանձնեցին ոստիկաններին և հեռացան՝ խոստանալով վերադառնալ վաղը՝ փետրվարի 21-ին, առավոտյան ժամը 10:00-ին՝ խաղաղ ցույցը շարունակելու:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---