Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանից հնչող մի շարք հայտարարություններ, որոնք վերաբերում են Հայաստանի բանակի բարեփոխումներին և արդիականացմանը, անհանգստացնում են հայկական կողմին, քանի որ Ադրբեջանի և Հայաստանի ռազմական բյուջեների հարաբերակցությունում էական դիսբալանս կա։

Վարչապետը զրուցել է The Guardian-ի, The Independent–ի, The Telegraph–ի, The Critic–ի, BBC–ի և Adam Smith Institute–ի ներկայացուցիչների հետ։

Նա նշել է, որ ՀՀ կողմից ձեռք բերվող սպառազինություններն Ադրբեջանի կողմից ձեռքբերվող սպառազինության 15-20 տոկոսից ավելի չէ։

«Մեզ ի՞նչն է անհանգստացնում, որ նույնիսկ այս դիսբալանսի պայմաններում Ադրբեջանը շատ ագրեսիվ է արձագանքում Հայաստանի զինված ուժերի բարեփոխումներին և սպառազինության ու տեխնիկայի ձեռբերումներին, չնայած, մենք բոլորս հասկանում ենք, որ այդ ձեռքբերումներն ունեն բացառապես պաշտպանական նշանակություն:

Նաև ես մի քանի անգամ ասել եմ, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը: Կարծում եմ՝ մենք պետք է արձանագրենք, որ մարտունակ բանակ ունենալը, այո, երբեմն օգտագործվում է պատերազմի համար, բայց մարտունակ բանակ ունենալը կարևոր է նաև խաղաղության համար, ուժերի ճիշտ բալանս ձևավորելու համար: Եվ նաև այս է պատճառը, որ երբ Ադրբեջանը բարձրացնում է այդ հարցերը, մասնավորապես՝ մեր կողմից սպառազինությունների ձեռքբերման, որն Ադրբեջանի կողմից ձեռքբերվող սպառազինության 15-20 տոկոսից ավելի չէ՝ և՛ ֆինանսական, և՛ ծավալի առումով, և հիմնականում կրում է պաշտպանական բնույթ ու ունի պաշտպանական նշանակություն, բայց մենք նաև այդ հայտարարություններն անարձագանք չենք թողնում:

Մենք Ադրբեջանին առաջարկել ենք սպառազինությունների վերահսկման փոխադարձ երկկողմ մեխանիզմ ստեղծել: Այսինքն, որպեսզի կարողանանք փոխադարձ այդ համաձայնությունների սահմաններում մեր սպառազինություններն ապահովել և մեր տարածաշրջանում սպառազինությունների մրցավազք չսադրել:

Մենք առաջարկել ենք և շարունակում ենք առաջարկել, որ զորքերի հայելային հետքաշում տեղի ունենա 1991թ. Ալմաթիի հռչակագրով արձանագրված սահմանից: Այդ արձանագրումը, այդ առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ: Մենք առաջարկել ենք չհարձակման վերաբերյալ համաձայնագիր ստորագրել նույնիսկ մինչև խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնություն ձեռք բերելը, որովհետև շատ պարզ համաձայնագիր է, որ մենք, նամանավանդ հիմա, երբ 1991թ. Ալմաթիի հռչակագիրը դրել ենք մեր սահմանագծման, սահմանազատման պրոցեսի հիմքում, կարող ենք, դա շատ պարզ թուղթ է, ստորագրել, որ չենք հարձակվելու իրար վրա՝ ելնելով այն իրողությունից, որ միմյանց տարածքային ամբողջականությունները ճանաչել ենք և միմյանց նկատմամբ տարածքային նկրտումներ չունենք»,–ասել է վարչապետը։

Նա նշել է, որ ռեգիոնալ տնտեսական զարգացումների համատեքստում է, որ ՀՀ–ն որդեգրել և ներդրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:

«Մեր մտքերի ընթացքն այդ ուղղությամբ է գնում: Նկատի ունեմ՝ մենք չենք պատրաստվում պատերազմի, մենք պատրաստվում ենք խաղաղության, բայց մյուս կողմից էլ, քանի դեռ չունենք համոզմունք, որ Հայաստանի Հանրապետությունը չի ենթարկվի հարձակման, մենք, բնականաբար, պետք է զարգացնենք մեր պաշտպանական կարողությունները: Ընդ որում, ես ասել եմ, որ 29,743 քառ. կմ տարածքից անդին Հայաստանի Հանրապետությունը հավակնություններ չունի ոչ մի ուղղությամբ՝ ոչ հարավային, ոչ արևմտյան, ոչ հյուսիսային, ոչ արևելյան: Եվ մենք կարծում ենք, որ այս հենքի վրա պետք է մեր ինքնիշխանությունը, անկախությունը կառուցենք և զարգացնենք»,–ասել է Փաշինյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---