On The Road. CNN-ի հայտնի հաղորդաշարի հերթական կանգառը Հայաստանն էր (վիդեո)

On The Road. CNN-ի հայտնի հաղորդաշարի հերթական կանգառը Հայաստանն էր

PanARMENIAN.Net - CNN-ի՝ շաբաթ օրը ցուցադրվող On The Road («Ճանապարհին») հաղորդաշարի հերթական կանգառը Հայաստանն էր: Արդեն մի քանի տարի է PAN-ը CNN-ի տեղական կենտրոնն է, և տեղեկություն է փոխանցում ՀՀ-ում կատարվող կարևոր կամ արտակարգ դեպքերի մասին: Այս անգամ էլ մեր երկրին հաղորդում նվիրելու որոշումը կայացնելուց հետո հեռուստընկերությունը դիմեց PAN-ին` որպես տեղական պրոդյուսերի:

Նախապատրաստական աշխատանքների համար ընդամենը երկու շաբաթ ժամանակ կար, և արդեն նոյեմբերի 16-ին CNN International-ի ավագ պրոդյուսեր Ռոբերտ Հոուելն ու Լոնդոնի գրասենյակի օպերատոր Անդրյու Ուոլերը Երևանում էին:

Թեև մինչև գալը հեղինակները որոշ բաներ կարդացել էին ու արդեն մոտավոր պատկերացնում էին` ինչ են ուզում նկարել ու որ թեմաներին են պատրաստվում ուշադրություն դարձնել` ՏՏ ոլորտը, նոր կրթական կենտրոնները, շախմատը, քրիստոնեությունը` որպես առանձին պատմական թեմա, PAN-ն ուղղորդում էր նրանց` հուշելով` կոնկրետ ինչ նկարել, ինչին առավել ուշադիր լինել, կազմակերպում հանդիպումներ տեղացիների հետ, ովքեր ներկայացնում էին կոնկրետ պատմություններ։ Ի դեպ, նկարահանումների ու տեսաֆիլմի ընդհանուր թեման Հայաստանի նոր սերունդն է:

Նկարահանող խումբն առաջին 3 օրն անցկացրեց Երևանում: Այդ ընթացքում այցելեցին Ցեղասպանության թանգարան ու հուշահամալիր, եղան Թումո կենտրոնում, «Դեպի Հայք» հիմնադրամի գրասենյակում, շախմատի ակադեմիայում, նկարահանեցին Վերնիսաժը, Կասկադը, քաղաքի փողոցները և Էօն երիտասարդական հակասրճարանը: Ի դեպ CNN-ը զրուցեց նաև Հայց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանի հետ:

CNN-ի խումբն այցելեց նաև Գեղարդ և Գառնի, որտեղ հյուրընկալվեց գառնեցի ընտանիքի՝ հյուրասիրությունը զարմացրել ու հիացրել էր հյուրերին:

Խումբը եղավ Էջմիածնում, այն էլ` Եպիսկոպոսաց ժողովի օրերին: Այցելեցին Տաթև, ճանապարհին կանգ առան Խոր Վիրապում: Հետդարձի ժամանակ եղան Եղեգնաձորի այծաբուծական կենտրոնում, այնուհետ անցան Սելիմի լեռնանցքով և նկարահանեցին Սևանա լիճը:

«Նրանք նշում էին, որ Երևանը շատ եվրոպական, զարգացող ու հետաքրքիր քաղաք է»,- պատմում է PanARMENIAN.Net ի մարքեթինգի բաժնի ղեկավար Արփինե Գրիգորյանը, որը նրանց հետ անցկացրեց ամբողջ շաբաթը։ Նրա խոսքով՝ հյուրերն անչափ հավանել էին հայկական խաշն ու այդ ուտեստի ավանդույթը, որին առանձին մաս հատկացրին հաղորդման մեջ: Իսկ հիմնականը, ինչի համար ափսոսանք հայտնեցին, այն էր, որ ամպամածության պատճառով չկարողացան տեսնել ու նկարահանել Արարատը. անգամ Խոր Վիրապից միայն աղոտ ուրվագիծն էր նշմարվում:

Խումբը Հայաստանից մեկնեց նոյեմբերի 22-ին` նշելով, որ, ցավոք, 7 օրը բավական չէր մեր երկրի հարուստ պատմությունն ու մշակույթը լիարժեք նկարահանելու, իսկ 30 րոպեն՝ ներկայացնելու համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---