Պաշտպան. Աշոտ Պետրոսյանի խցում չկա ջուր, պատուհանի ապակին ջարդված է, ցուրտ է

Պաշտպան. Աշոտ Պետրոսյանի խցում չկա ջուր, պատուհանի ապակին ջարդված է, ցուրտ է

PanARMENIAN.Net - Փետրվարի 21-ին «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյաննայցելել է իր պաշտպանյալին՝ քննարկելու քրեական գործի որոշ հանգամանքներ:

2017-ի փետրվարի 16-ին «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Ի աջակցություն հաց բերող Արթուր Սարգսյանի՝ փետրվարի 16-ից մինչ փետրվարի 20-ը Պետրոսյանը հացադուլի մեջ գտնվելու պատճառով պահվել է համապատասխան խցում, իսկ փետրվարի 20-ից հետո նա տեղափոխվել է թիվ N խուց:

«Առանձնազրույցի ժամանակ Ա. Պետրոսյանը հայտնեց, որ նոր խուցը զուրկ է ամենատարրական և նվազագույն պայմաններից. խցում ջուր չկա, պատուհանի ապակիներից մեկը ջարդված է, գիշերը խցի ներսում եղել է չափազանց ցուրտ: Պատուհանի ճեղքերը փակելու նպատակով կալանավորները դրանք փակել են իրենց ձեռքի տակ եղած տարբեր իրերով: Օրվա (փետրվարի 21-ի) ընթացքում մեկ անգամ ջուր է եղել, այն էլ մի քանի կաթիլ: Խցի մյուս պայմանները «համահունչ են» վերը ներկայացված պայմաններին:

Նշեմ, որ Աշոտ Պետրոսյանը ոտքի ծանր հրազենային վնասվածք է ստացել ՊՊԾ գնդի հարակից տարածքում, և անգամ նրա ոչ լիարժեք առողջ լինելու փաստը ոչ մի նշանակություն չի ունեցել քրեակատարողական հիմնարկի ղեկավարության համար, երբ նրան «տեղավորում էին» թիվ N խցում», - հայտնում է փաստաբանը:

Նրա խոսքով, այս ամենն անձի նկատմամբ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող դրսևորում է:

ՊՊԾ գնդի գրավման օրերին Աշոտ Պետրոսյանն աջ ազդրի հրազենային վնասվածք էր ստացել։ Այդ օրվանից նա գտնվում էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում։

«Եթե Աշոտ Պետրոսյանին «Նուբարաշեն» տեղափոխելը և N խցում տեղավորելու նպատակը եղել է նրան խոշտանգելը, ապա «պլանի» հեղինակներին դա լիովին հաջողվել է:

Սույն Դիմում բողոքով մեր վրդովմունքն ենք հայտնում և պահանջում` հրատապ միջոցներ ձեռնարկել Պետրոսյանի նկատմամբ ցուցաբերվող անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը վերացնել, ապահովել կալանավորված անձի համար օրենքով սահմանված բոլոր պայմանները, իսկ Պետրոսյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի թիվ N խցում տեղավորելու համար որոշում կայացրած անձանց ենթարկել պատասխանատվության և արդյունքների մասին մեզ հայտնել գրավոր», - ասված է Պապիկյանի տարածած հաղորդագրությունում:

15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան, որից մեկը, պաշտոնական վարկածով, գնդի տարածքից դիպուկահարի կրակոցից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---