ՀՀ-ում միասնական երթուղային ցանց կստեղծվի

ՀՀ-ում միասնական երթուղային ցանց կստեղծվի

PanARMENIAN.Net - Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքին: Դրա շրջանակում ըստ մարզերի կհավաքագրվեն տվյալներ, որոնց հիման վրա մարզերն ըստ խոշոր քաղաքների կբաժանվեն տարածաշրջանների, կսահմանվեն օպտիմալ երթուղիներ:

Տեխնիկական առաջադրանքի հիմնական նպատակն է ստեղծել արդյունավետ ուղևորափոխադրում գյուղերից դեպի մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետև դեպի Երևան:

Ելնելով ուղևորահոսքի ծավալներից՝ կորոշվի երթուղիներում անհրաժեշտ տրանսպորտային միջոցի տեսակը, կսահմանվի նաև մարզկենտրոնից կամ մարզի խոշոր քաղաքներից դեպի Երևան փոխադրման արդյունավետ տեսակը, արդյունավետ կկազմակերպվի հանրապետության ավտոկայարանների, ավտոկայանների, երթակարգավարական կետերի աշխատանքը:

Արդյունքում հանրապետության բոլոր համայնքները կապահովվեն տրանսպորտային սպասարկմամբ, կկրճատվի ուղևորության համար ծախսվող ժամանակահատվածը, կանոնավոր ուղևորափոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցները կհամապատասխանեցվեն փաստացի ուղևորահոսքի ծավալներին, կբարձրանա ուղևորափոխադրումների արդյունավետությունը և ոլորտի վերահսկողության մակարդակը:

Պատասխանելով Կարեն Կարապետյանի հարցին՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտնել է, որ հարցը քննարկվել է շահագրգիռ բոլոր կողմերի՝ օպերատորների, Հայաստանում գործող տրանսպորտային ընկերությունների հետ: Նա նշել է, որ հայտարարվելու է մրցույթ, որին կարող են մասնակցել նաև միջազգային ընկերությունները:

2016-ի դեկտեմբերին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Երևանում նոր ժամանակակից երթուղային ցանց պետք է ներդրվի:

2017-ի հունվարի 12-ին կայացել է մայրաքաղաքի երթուղային նոր ցանցի մշակման խորհրդատու ընկերության հետ մեկնարկային հանդիպումը: Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է երթուղային նոր ցանցի ձևավորման «Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ լիմիթիդ» խորհրդատվական ընկերության տնօրեն Ռիչարդ Բարլեյի հետ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---