Մահացել է Լյուդվիգ Դուրյանը

PanARMENIAN.Net - Արդի հայ քնարերգությունը ծանր կորուստ կրեց` վախճանվեց գրական ավագ սերնդի երևելի բանաստեղծներից մեկը` Լյուդվիգ Դուրյանը, որը շուրջ երեք տասնամյակի հասնող բանաստեղծական ժողովածուներով, մասնավորապես` «Մաշտոց», «Ասք հողի» պոեմներով, «Լեռները չեն խոնարհվում», «Եռագույն առագաստ», «Արև խաչքար», «Եվ մանանա, և նշխարք»,«Քարե արցունք» գրքերով, ինչպես նաև բոլորովին վերջերս հրատարակած «Կյանք իմացյալ» հոբելյանական ընտրանիով մնայուն տեղն է հաստատել` ընդգծված ազգային-հայրենասիրական թեմատիկայի, ինքնատիպ ձեռագրի և անշփոթելի արտահայտչամիջոցների շնորհիվ:

Լյուդվիգ Դուրյանը փնտրված հեղինակ էր նաև մեր երգահանների համար` նրա տեքստերով գրվել են բազմաթիվ սիրված երգեր, որոնք ընդլայնել են նրա ճանաչման սահմանները:

Նրա բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով, ինքը ևս ակտիվորեն զբաղվում էր թարգմանությամբ` թողնելով օրինակելի, բարձրարվեստ թարգմանությունների հրաշալի նմուշներ:

Լյուդվիգ Դուրյանը ծնվել է 1933 թ. հունիսի 21-ին Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանի Չալթր հայաբնակ գյուղում: 1935 թվականին ընտանյոք տեղափոխվել է Հայաստան: Ավարտել է Մոսկվայի Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացները: Երկար տարիներ պատասխանատու պաշտոններ է վարել Հայաստանի գրահրատարակչության ասպարեզում և բեղմնավոր, շնորհակալ աշխատանք կատարել մեր հին և նոր գրականության արժեքավոր գրքերի հրատարակման ասպարեզում:

Նա արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում` Հովհ. Թումանյանի անվան գրական մրցանակի: Իր սկզբունքայնության, մարդկային բարձր արժանիքների շնորհիվ Լյուդվիգ Դուրյանը մեծ հեղինակություն էր վայելում գրական հասարակայնության շրջանում, սիրված և ճանաչված անուն էր թե’ գրաքննադատների և թե’ ընթերցողների կողմից: Եվ այդպիսին էլ կմնա մեր բոլորի հիշողության մեջ:

Լյուդվիգ Դուրյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով: Հանձնաժողովը տեղեկացնում է, որ բանաստեղծի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 10-ին, ժամը 19.00-ից` Թումանյան 1/1 հասցեում, վերջին հրաժեշտը` հուլիսի 11-ին, ժամը 12-14-ը` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---