Գյումրի քաղաքի հասարակական սեկտորը բավարարված է աղետի գոտում բնակարանների բաշխման թափանցիկությամբ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ին Երևանում կայացավ Բաց հասարակության ինստիտուտի (OSI) կողմից կազմակերպված «Աղետի գոտում բնակարանների բաշխման գործընթացի մոնիթորինգ» զեկույցի քննարկումը: Քննարկմանը մասնակցում էին Հայաստանի քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանն ու հասարակական սեկտորի ներկայացուցիչներ:

Ներկայացնելով զեկույցը` Շիրակ Կենտրոնի անդամ Վահան Թումասյանը նկատել է, որ 2010 թվականին աղետի գոտու անօթևաններին 1056 բնակարաններ հատկացնելուց հետո անօթևան ընտանիքների պաշտոնական թիվը կազմել է մոտ 3000: «Բայց մեր հաշվարկներով ընդհանուր առմամբ աղետի գոտում ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների թիվը հասնում է 6000-ի»,- ընդգծել է Թումասյանը: Նա նկատել է նաև, որ 2010 թվականին աղետի գոտում բնակարանների բաշխման գործընթացն իր բաց և թափանցիկ բնույթով զգալիորեն տարբերվել է նախորդ բաշխումներից: «Սակայն Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում «Գլենդել Հիլզ» շինարարական ընկերության կողմից շենքերի անորակ շինարարությունը նվազեցրեց բնակարանների բաշխման գործընթացի թափանցիկությունը»,- ընդգծել է նա:

Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանն իր հերթին նկատել է, որ մինչ օրս գոյություն ունեն շինարարության որակի հետ կապված մանր խնդիրներ, սակայն պայմանագրի համաձայն «Գլենդել Հիլզ» ընկերությունը մեկ տարվա ընթացքում պետք է վերացնի ծագող բոլոր խնդիրները: Նա հաղորդել է նաև, որ պետությունը մինչև հիմա սեփականության վկայական չի տվել այն ընտանիքներին, որոնք վերջնականապես չեն լքել ժամանակավոր կացարանները: «Եթե ընտանիքը, որը բնակարան է ստացել, շարունակում է երկար ժամանակ բնակվել ժամանակավոր կացարանում, պետությունը կարող է տվյալ բնակարանը մեկ այլ ընտանիքի հանձնել»,- ընդգծել է նա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---