// IP Marketing video - START// IP Marketing video - END

Էլեն Գրիգորյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Խորեն Գևորը չկարողացավ հաղթել Շտիգլիցին

Ապրիլի 8-15-ի գլխավոր սպորտային իրադարձությունների ամփոփում

Բռնցքամարտ. Ապրիլի 12-ին Երևանում` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Գագիկ Ծառուկյանի գավաթ» բռնցքամարտի միջազգային առաջնությունը:

PanARMENIAN.Net - Բացման արարողության ժամանակ Բռնցքամարտի եվրոպական համադաշնության (EUBC) ներկայացուցիչ և AIBA միջազգային մրցավար Անատոլի Պացատին շնորհակալություն է հայտնել առաջնության կազմակերպման համար. «Հիացած և զարմացած եմ, որ մրցաշարը նման բարձր մակարդակով է կազմակերպված: Բոլորին հաջողություն եմ ցանկանում, իսկ մրցավարներին` արժանի մրցավարություն»:

Առաջնությունում ներկայացված են մոտ 130 բռնցքամարտիկներ 16 երկրներից: Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 45 մլն դրամ:

Երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը պաշտպանել է չեմպիոնի տիտղոսը Մագդեբուրգում (Գերմանիա): Դա հայտնի է դարձել այն բանից հետո, երբ չեմպիոնի տիտղոսի հավակնորդ Խորեն Գևորը որակազրկվել է մենամարտի 10-րդ ռաունդում:

Մարտը մրցակցային էր, երկու բռնցքամարտիկներն էլ հաջող պահեր ունեին, բայց աշխարհի չեմպիոնն ավելի դիպուկ էր: Երրորդ ռաունդում Գևորի աջ աչքը պատռվել է Շտիգլիցի հերթական դիպուկ հարվածից հետո: 10-րդ ռաունդում կրքերը թեժացել են, բռնցքամարտիկները մարտի էին բռնվել թույլատրելիի եզրագծին: Այն բանից հետո, երբ մրցավար Մանֆրեդ Քյոխլերը Խորեն Գևորին զրկել է մեկ միավորից, նա սկսել է գրոհել և ազդանշանից հետո երկու բռնցքամարտիկները հայտնվել են հատակին: Պարզվել է, որ Շտիգլիցը աջ աչքի մոտ պատռվածք է ստացել: Մարտը դադարեցվել է 10-րդ ռաունդում և մրցավարը որակազրկել է Գևորին, հաղորդում է allboxing.ru-ն:

Բարկացած Գևորը մի քանի հարված է հասցրել Մանֆրեդ Քյոխլերին, որից հետո հեռացվել է ռինգից պահակախմբի օգնությամբ: Խորեն Գևորը մի քանի օր անց (Գերմանիա) անձամբ ներղություն է խնդրել գլխավոր մրցավար Մանֆրեդ Քյոխլերից: Կայացել է Վիկ Դարչինյանի և Յոննի Պերեսի մամլո ասուլիսը (Կոլումբիա), որոնք ապրիլի 24-ին հանդիպելու են թեթևագույն քաշային կարգի մրցաշարի շրջանակներում: Խաղարկվելու է թեթևագույն քաշային կարգում IBO չեմպիոնի տիտղոսը:

Հայ բռնցքամարտիկն ասել է, որ այդ մենամարտում նա ցուցադրելու է պայքարի նոր ոճ և նոկաուտի է ենթարկելու Յոննի Պերեսին: «Չեմ կարող ասել, թե որ ռաունդում Պերեսը կհեռանա: Միայն գիտեմ, որ վաղ թե ուշ ես կոչնչացնեմ նրան: Կարծես թե նա իր կարիերայի ընթացքում ոչ մի անգամ չի հայտնվել ռինգի հատակին, բայց ես իմ շատ մրցակիցներին խորը նոկաուտի եմ ենթարկել: Եվ ես դա նորից կանեմ»,- Դարչինյանի խոսքերը հաղորդում է fightnews.com-ը:

Դարչինյանը նշել է, որ հարգում է իր մրցակցին և անձնական ոչ մի բան չունի նրա դեմ, քանի որ կոլումբիացին լավ բռնցքամարտիկ է:

«Ապրիլի 24-ը կարևոր տեղ ունի իմ բոլոր հայրենակիցների կյանքում, դա Հայոց ցեղասպանության օրն է: Ես ուզում եմ, որպեսզի բոլորը դիտեն այդ մարտը և զգան, թե որքան հիմնավորված եմ ես գործելու: Իմ ողջ թիմն այդ օրը հարգելու է 1915-ի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը»,- ասել է Դարչինյանը:

Ծանրամարտ. Կազանում ապրիլի 11-ին մեկնարկեց Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը: Արդեն հանդես է եկել Եվրոպայի արծաթե մրցանակակիր, Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Սմբատ Մարգարյանը (56 կգ ք/կ):Մարգարյանը գոհացել է միայն փոքր բրոնզե մեդալով «հրում» վարժությունում՝ բարձրացնելով 140 կգ: «Պոկում» վարժությունում հայ ծանրորդն անհաջող հանդես եկավ և 105 կգ արդյունքով զբաղեցրեց 9-րդ տեղը: 245 կգ արդյունքով նա երկամարտում զբաղեցրեց 9-րդ տեղը:

Այդ քաշային կարգում չեմպիոն դարձավ Օլեգ Սիրգին (Մոլդովա) 265 կգ արդյունքով:

Կազանում Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում ապրիլի 12-ին ելույթ ունեցան մինչև 53կգ քաշային կարգի ծանորդները: Էլեն Գրիգորյանը «երկամարտի» արդյունքներով 195կգ բարձրացրեց և Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ:

Հայ ծանրորդը «հրում» վարժությունում հաջողությամբ իրացրեց իր բոլոր երեք մոտեցումները և կարողացավ 110կգ բարձրացնել` նվաճելով փոքր արծաթե մեդալ:

Գրիգորյանը երկրորդն էր նաև «պոկում» վարժության մեջ` բարձրացնելով 85կգ:

Այս քաշային կարգում 202կգ ցուցանիշով Եվրոպայի չեմպիոն դարձավ Այլին Դասդելենը (Թուրքիա):

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Օլիմպիական մեդալներն ու կամքի հաղթանակները
Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
 Բաժնի այլ նյութերը
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Ջուրը վերափոխում է պարալիմպիկ լողորդին «Խնդիրս անհետանում է, դառնում եմ ազատ»