Իտալիայում ՀՀ դեսպանատանը պարգևատրման արարողություն կայացավ

PanARMENIAN.Net - Փետրվարի 12-ին Իտալիայում Հայաստանի դեսպանատանը տեղի ունեցավ ականավոր հայագետներ, Պո-Արաքս մշակութային ընկերակցության հիմնադիրներ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ` Վենետիկի Կա ֆոսկարի համալսարանի հայագիտության կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Հայր Լևոն Զեքյանին և Բոլոնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի առաջին ղեկավար, պրոֆեսոր Գաբրիելա Ուլուհոճյանին` ՀՀ Սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալներով պարգևատրման արարողությունը` հայ մշակույթի տարածմանն ու զարգացմանը նպաստող ակնառու նվաճումների և ձեռքբերումների համար:

Շնորհավորելով մեծանուն գիտնականներին ՀՀ կառավարական առաջին պարգևը ստանալու կապակցությամբ, դեսպան Ռուբեն Կարապետյանը հատուկ նշեց, որ «Իտալիայի հռչակավոր երկու համալսարաններում` Վենետիկում և Բոլոնիայում Զեքյանի և Ուլուհոջյանի կողմից հայագիտական միավորների հիմնադրման շնորհիվ է, որ այսօր կարող ենք խոսել Իտալիայում առկա հայագիտության դպրոցի մասին»: Դեսպանը շեշտեց, որ «նրանց գիտական գործունեությունը վաղուց դուրս է եկել Իտալիայի և Հայաստանի սահմաններից ու ձեռք բերել համաշխարհային արժեք և նշանակություն»: Դեսպանը կարևորեց նաև գիտնականների մեծ ներդրումը հայ-իտալական բարեկամության խորացման գործում:

Վենետիկում Պո Արաքս մշակութային ընկերակցության կողմից ամեն տարի կազմակերպվող հայոց լեզվի խտացված ամառային դասընթացների 25-ամյա հոբելյանի կապակցությամբ Հայր Լևոն Զեքյանի միջոցով դասախոսներ Պարետ Մանոքին, Ռոզին Թաշճյանին, Սալբի Գասպարյանին և Ռաֆֆի Սեթյանին հանձնվեցին նաև ՀՀ Սփյուռքի նախարարության պատվոգրերը:

Արարողությանն ու դրան հաջորդած ընդունելությանը ներկա գտնվեցին Իտալիայի գիտական ու մշակութային շրջանակների, ինչպես նաև իտալահայ համայնքի ներկայացուցիչներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---