ԼՂՀ ՊՆ-ն կոչ է անում ադրբեջանական կողմին պահպանել հրադադարի ռեժիմը 5 մարտի 2008 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տեղ գտած միջադեպի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ: «Մարտի 3-ի լույս 4-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտու հյուսիս-արեւլյան հատվածը, գրավել է Լեւոնարխ գյուղի ուղղությամբ տեղակայված Պաշտպանության բանակի դիրքերից մեկը: ԼՂՀ զինված ուժերի օպերատիվ գործողությունների արդյունքում, մի քանի ժամ տեւած ինտենսիվ մարտերից հետո, հակառակորդը մարտադաշտում թողնելով 8 զոհ եւ սպառազինություն, դիմել է փախուստի»: Ղարաբաղյան կողմից վիրավորվել է երկու զինվոր: Այդ մասին ասվում է ԼՂՀ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: «ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը անհրաժեշտ է համարում փաստել, որ ադրբեջանական կողմը նման գործողությունների միջոցով փորձում է ապակայունացնել իրավիճակը ոչ միայն շփման գծում, այլ նաեւ ամբողջ տարածաշրջանում: ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը հերթական անգամ նախազգուշացնում է Ադրբեջանին, որ ԼՂՀ անվտանգությանը սպառնացող ցանկացած գործողություն այսուհետ եւս վճռականորեն կկասեցվի: ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը ադրբեջանական կողմին կոչ է անում անշեղորեն պահպանել հրադադարի ռեժիմը եւ սպառնալիքի տակ չդնել տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը»,- ասված է հայտարարության մեջ: Մինչդեռ ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հաղորդում է, որ հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում վիրավորվել են 4 ադրբեջանցի զինծառայողներ, վիրավորվել են Գերանբոյի շրջանի Տափղարաղոյունլու գյուղի երկու բնակիչ: Միեւնույն ժամանակ նշվում է, որ Թուրքիան ուշադիր հետեւում է իրադարձությունների զարգացմանը ԼՂ եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում: «Ռազմական գործողությունների վերսկսումը ղարաբաղյան հակամարտության գոտում օգուտ չի բերի ոչ հակամարտող կողմերին, ոչ էլ ողջ տարածաշրջանին ընդհանուր առմամբ»,-նշել են Բաքվում Թուրքիայի դեսպանատանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |