Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը օրհնել է Հայաստանի նոր նախագահ Սերժ Սարգսյանին

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը օրհնել է Հայաստանի նոր նախագահ Սերժ Սարգսյանին: «Հանրապետության Նախագահի երդման արարողության այս հանդիսավոր օրը առիթն ունենք անդրադառնալու, որ Դուք, մեծարգո պրն. Սարգսյան, արժանավոր բազմաթիվ զավակների հետ մեր ժողովրդի գնահատելի Ձեր վաստակն եք բերել Արցախի ազատագրության եւ Հայաստանի պետականության կայացման ու զորացման գործում: Անկախ պետականության տարիներին վերափոխումների եւ վերակառուցումների մեծ ուղի է անցել մեր Հայրենիքը: Ուրախությամբ են լցվել մեր հոգիները ձեռքբերումների եւ հաղթանակների համար, որոնք պիտի հավելենք ու բազմապատկենք: Առավել բարեկեցիկ եւ արժանապատիվ կյանքի, իրավական հասարակության կառուցումը մեր ժողովրդի արդար սպասումն է եւ շուտով իրագործված տեսնելու ձգտումն ու ակնկալությունը:

Մեր ժողովուրդը դեռեւս ապրում է անհանգստությունը` կապված հետընտրական զարգացումների հետ: Նախորդ ամիսների իրադարձությունները էապես մեծացնում են ինչպես Ձեր, այնպես եւ ամենքիս պատասխանատվությունը` առավելագույն ջանքեր ներդնել` մեր ժողովրդի զավակների սրտերում զորացնելու սիրո, եղբայրության ու համերաշխության ոգին եւ մերժելու անհանդուրժողությունը: Մեր երկրի համար վճռորոշ ժամանակում էք ստանձնում Հանրապետության Նախագահի բարձր պաշտոնը` նոր հանձնառությամբ շարունակելու Ձեր ծառայությունը մեր Հայրենիքին եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդին: Պետական բարձր պաշտոններում Ձեր փորձառությունը, մեր երկիրը զորացնելու նվիրումի Ձեր ոգին, Ձեր ծրագրերը, նախանշած ուղիներն ու պահանջները, վստահություն են ներշնչում, որ Ձեր գլխավորությամբ առաջիկա տարիներին հետեւողական քայլերով պիտի հաղթահարվեն նաեւ այն մարտահրավերներն ու խոչընդոտները, որ խանգարում են մեր կյանքի առաջընթացին, եւ մեր երկիրը ավելի պիտի ամրապնդվի խաղաղության, արդարության եւ իրավունքի ուղիներում` մեր ազատ կյանքը ավելի զորացնելու ձգտումով: Աստվածօրհնյալ այդ ճանապարհներին մեր Սուրբ Եկեղեցին աջակից է Ձեզ եւ զորավիգ հայրենի պետությանը, ինչպես որ եղել է դարեր ի վեր: Իր միասնությամբ մեր ժողովուրդը ձեռք է բերել հաղթանակներ եւ այսօր էլ` միասնաբար, պիտի կերտենք բարօր կյանքը մեր Հայրենիքի: Մեր կյանքից ներս տեղ չպիտի գտնեն մեր ժողովրդի միասնականությունը վտանգող իրավիճակներ: Միաբանությամբ կարող պիտի լինենք օրհնյալ կյանքով հարատեւել, կենսունակ պահել հայ Սփյուռքը եւ աշխարհասփյուռ մեր կյանքը զորություն դարձնել Հայրենիքին: Միաբանությամբ կարող պիտի լինենք բարի ավարտի առաջնորդել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խնդրի խաղաղ կարգավորումը, հաղթանակած տեսնել մեր արդար դատը, Հայոց Ցեղասպանության ճանաչումը: Իմաստունի կողմից հնուց ասված ճշմարիտ խոսք է` «Միաբանությամբ փոքրերը մեծանում են, անմիաբանությամբ` մեծերը փոքրանում»:



Այսօր, մեծարգո պրն. Քոչարյան, երբ ավարտում եք Հայաստանի Հանրապետության Նախագահի Ձեր պաշտոնավարությունը, սրտաբուխ աղոթքով հայցում ենք Բարձրյալի օրհնությունը Ձեր կյանքին եւ հաջողություններ մաղթում Ձեր հետագա գործունեությանը: Տնտեսության զորացմանը եւ հասարակական կյանքի վերակառուցումներին ուղղված ընթացքները, էական տեղաշարժերը, որ նախաձեռնվեցին եւ իրականացվեցին Ձեր նախագահության շրջանում, նոր զարգացումներով առավել արմատական բարեփոխումների պիտի առաջնորդեն մեր երկիրը: Մեր աղոթքն է առ Աստված, որ ապահովության եւ խաղաղության մեջ պահի մեր Հայրենիքը, բարեզարդ, շեն ու ծաղկուն` մեր ժողովրդի ստեղծագործ աշխատանքով:



Բարձրյալի օրհնությունն ու շնորհները եւ հանապազ առաջնորդությունն ենք հայցում Ձեզ, Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահ Տիար Սերժ Սարգսյան, պատասխանատու Ձեր առաքելության մեջ: Թող Աստված նոր եռանդ, ուժ եւ կորով պարգեւի Ձեզ եւ օրհնի Ձեր եւ համայն մեր ժողովրդի ջանքերը, որպեսզի Ձեր նախագահության շրջանը մեր պատմության տարեգրության մեջ արձանագրվի որպես Հայաստանի եւ հայ կյանքի կայունության, առաջընթաց զարգացումների ու վերելքի շրջան»,- ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---