97  65-րդ Կաննի կինոփառատոնը

Գրառումներ Կաննից. Հիսթերիա վամպիրների համար, չմոռացված Բերտոլուչչին և մի քանի խոսք գործընկերների մասին

Գրառումներ Կաննից. Հիսթերիա վամպիրների համար, չմոռացված Բերտոլուչչին և մի քանի խոսք գործընկերների մասին

PanARMENIAN.Net - 2012թ Ջոլին այդպես էլ չժամանեց Կանն, սակայն նրա փոխարեն փառատոնը ալեկոծեցին «Մթնշաղի» հերոսները, որոնք այստեղ էին տարբեր ֆիլմերով և որոնք աղջիկների շրջանում մեծ աղմուկ բարձրացրին և գլխացավանքի պատճառ դարձան: Ահա թե ինչ է անում Հոլիվուդը Կաննի, կամ «Մթնշաղը» մարդկանց հետ:

«Ճանապարհի վրա ֆիլմը» («On the Road»), որը նկարահանվել է Ջեկ Կերուակի հայտնի ինքնակենսագրական վեպի հիման վրա, հավասարազոր դերասանական կազմ ուներ` Քիրսթեն Դանստ, Վիգտո Մորթենսեն, Սթիվ Բուշեմի, Հարրեթ Հեդլունդ, Սեմ Ռայլի, Էմի Ադամս, Էլիզաբեթ Մոսս: Սակայն ուշադրության կենտրոնում է հայտնվել ֆիլմի գլխավոր հերոսուհի, երիտասարդ դերասանուհի Քրիսթեն Ստյուարտը: Քրիսթենի շուրջ աղմուկը նման էր ֆիլմի սցենարի. այնպիսի տպավորություն էր, կարծես դերասանուհուն բերել էին հատուկ նրա համար, որպեսզի բոլորը կենտրոնանային նրա վրա, որպեսզի նա իրեն շատ «աստղային» պահեր, սառը և անտարբեր վերաբերմունք ցուցաբերեր բոլորի և ամեն ինչի նկատմամբ, և որպեսզի, բնականաբար, արդյունքում բոլոր նրանք, ովքեր նրա վրա էին կենտրոնացել, դժգոհեին, «թե ինչ «անպետքի մեկն է» նա և ինչպիսի վատ ավարտ կունենա նրա համար ամեն ինչ, եթե շարունակի նույն ոգով»:

Ֆիլմի կարմիր գորգի վրա կարելի էր ականատես լինել հետաքրքիր դրվագի: Քրիսթենը դարձյալ չմոտեցավ երկրպագուներին, որոնք բավականին շատ էին և իսկական երկրպագուներ էին: Եվ երբ նա, քիթը ցցած, անցավ կարմիր գորգի վրայով, երկրպագուների տրիբունան բարձրացրեց այնպիսի վիրավորական սուլոցներ, որոնք խլացրին անգամ դերասաներին ուղեկցող երաժշտության հնչյունները: Եվ հանկարծ մեկ ակնթարթում սուլոցները վերածվեցին հիացական բղավոցների. պարզվեց, որ «ֆիլմին հյուրընկալվել էր» Պատտինսոնը, և այդ անցումն այնքան կայծակնային էր և բնական, որ հրաշալի բեմադրված իրականություն թվաց:

Կաննում Պատտինսոնը ներկայացնում է Դևիդ Քրոնենբերգի «Կոսմոպոլիս» ֆիլմը, որը «Լյումյեր» կինոսրահում ցուցադրվել է երեք անգամ: Զարմանալի է, բայց Պատտինսոնը նկատեց անգամ Պիտտի «Եղբորը»: Երկրպագուները, երկրպագուհիները մասնավորապես, կազմակերպեցին մի աննկարագրելի բան. բղավոցներ, արցունքներ, հիսթերիա, ուշաթափություններ, «շտապ օգնության» մեքենաներ… Պատտինսոնն այնպես էր երկրորդ պլան մղել ֆիլմի իր գործընկերներին, օրինակ` Փոլ Ջիամատտիին և Ժյուլյետ Բինոշին, որ Ջիմատտին անգամ հաճելիորեն զարմացավ և ուրախությամբ համաձայնեց ինձ համար առանձին նկարահանվել:

Այս ֆոնի վրա Քայլի Մինոուգի հայտվելը, մի կողմից թվաց, շատ համահունչ, մյուս կողմից` բավականին տարօրինակ:

Քայլին, ոչ ավել, ոչ պակաս, նկարահավել է ֆրանսիացի ռեժիսոր Լեո Կարակսի «Holy Motors» ֆիլմում: Երգչուհին ֆիլմում խաղացել է բավականին մեծ և լուրջ դեր, իսկ նրա գործընկերն է եղել Դենի Լավանը` Կարակսի սիրելի դերասանը: Ցավոք, փառատոնին ներկա չգտնվեց Եվա Մենդեսը, ով ևս նկարահավել է Կարակսի ֆիլմում: Ռեժիսորը, նախքան այս ֆիլմը, չի աշխատել մոտ 10 տարի, և «Holy Motors-ը» նվիրել է իր կնոջը` Կատյա Գոլուբևային: Վերջինս ռուս դերասանուհի է, ով մահացել է նախորդ տարի:

Այս ամբողջ «մթնշաղում» կարծես թե անտեսվեց Բերտոլուչչիի ֆիլմը, կամ էլ միգուցե ֆրանսիացի դասականների համընդհանուր ներբողի մթնոլորտում տեղ չմնաց իտալականի համար: «Դու և ես»` այսպես է կոչվում իտալացի վարպետի ֆիլմը, որը պատմում է մի դեռահասի մասին, ով որոշել է մեկ շաբաթով առանձնանալ բարձրահարկ շենքի նկուղում, որպեսզի հանգիստ լսի սիրած երաժշտություն, այցելի սոցկայքեր և կարդա: Հակառակ նրա ծրագրերի, նկուղում է հայտնվում նաև նրա խորթ քույրը` թմրամոլուհի, իսկ այս շաբաթը բեկումնային է լինելու նրանցից երկուսի կյանքում էլ:

Միգուցե դա պատահականույթուն էր, իսկ միգուցե Բերտոլուչչիին արդեն «խաղից դուրս են համարում», սակայն նրա ֆիլմի ցուցադրությունը ցերեկը ժամը 4-ին էր, այսպես կոչված, «ոչ սմոքինգային» ցուցադրություն: Եվ այնպիսի տպավորություն էր, որ կազմակերպիչները վախենում էին, որ հանկարծ դահլիճը կիսադատարկ չլիներ. ի վերջո ամոթ է վարպետի առաջ: Սակայն հակառակ բոլոր մտավախությունների, դահլիճը լիքն էր, իսկ ռեժիսորը հոտնկայս ծափահարությունների արժանացավ: Ցուցադրությանը ներկա էին բազմաթիվ «կարևոր դեմքեր»: Ինքը ռեժիսորը, ով նախքան այս ֆիլմը մի քանի տարի չի աշխատել, փառատոնին ներկայացել էր հաշմադամության սայլակում, ինչը մամլո ասուլի ժամանակ մեկնաբանել է այսպես. «Այս ֆիլմն ինձ համար վերադարձ էր դեպի կյանք: Ես արթնացա թմբիրից, ընդունեցի վիճակս, համակերպվեցի դրա հետ և հասկացա, որ նկարահանել կարելի նաև նստած, ուստի ես կրկին պատրաստ եմ աշխատել»:

Եվս մեկ բում էր Նիկոլ Քիդմանը, Լի Դենիելսի «Լրագրավաճառ» ֆիլմում նրան ոչ բնորոշ դերը և այդ ֆիլմի ողջ «աստղային» կազմը: Դատեք ինքներդ. միասին հանդես են գալիս Նիկոլը, Մեթյու Մաքգոհանը, Ջոն Կյուսակը, Սքոտտ Գլենը, և վերջապես, երիտասարդ սերնդի ևս մեկ ներկայացուցիչ Զաք Էֆրոնը: Զաքը կարողացել էր հավաքել երկրպագուների մի ամբողջ բանակ, սակայն այս դեպքում հարցը լուծվեց առանց սուլոցների և խայտառակության:

«Լրագրավաճառը» Էֆրոնի համար լավ մեկնարկ է լուրջ կինոյի ճանապարհին: Ինչ վերաբերում է Քիդմանին, ապա չնայած նրա էլեգանտ զգեստին, և, առհասարակ, անթերի տեսքին, հարկ է փաստել, որ « Moulin Rouge-ի» և դերասանուհուն տեսնելիս սրտի թրթիռների ժամանակներն անցել են:

Մի քանի խոսք Կաննի լուսանկարիչների մասին: «Հիմնական ֆոտոկազմը» բաղկացած է 60-80 մարդկանցից, որոնք ցիգանների նման թափառում են մի քանի գլխավոր ուղղություններով, արագ նկարահանում են, սակայն հիմնականում միանման, կոմերցիոն ստանդարտի համաձայն` հասակի ամբողջական երկարությամբ, որպեսզի երևա հագուստն ու աքսեսուարները, քաշի ավելացումը և բոլոր նոր կնճիռները: Նրանք գիտեն բոլորին ու ամեն ինչ, և շատ աստղերի հետ անձամբ են ծանոթ: Օրինակ, Քայլի Մինոուգը մոտեցավ և անգամ ողջագուրվեց մի քանի լուսանկարիչների հետ: Այս մարդկանց բոլոր շարժումներն օպտիմիզացված են, նրանց համար միևնույն է նկարահանում են Պիտտին, թե Պատտինսոնին: Իսկ աշխատանքի համար անհրաժեշտ ստանդարտ արտահայտությունները կարող են ասել տասնյակ լեզուներով, և այս տարի դա ինձ արդեն չի զարմացնում:

Իսկ փառատոնը, մինչ այդ, մոտենում է իր տրամաբանակն ավարտին: Շատերն են ցանականում, որպեսզի գլխավոր մրցանակը հանձնվի Կարակսին. ի վերջո նա մեծություն է և աշխատանքում մեծ դադարն իր արդյունքն է տվել: Սակայն բոլորն էլ գիտակցում են, որ հաղթանակի ամենաիրական հավակնորդները Հանակեի և Մունջուի ֆիլմերն է, իսկ Օդիարը և Դոմինիկը մրցանակներ կստանան ռեժիսորական աշխատանքի համար: Լավագույն դերասանուհու ամենահավանական թեկնածուն շարունակում է մնալ Մարիոն Կոտիյարը:

Վահան Ստեփանյան, Զառա Բուդաղյան

Վահան Ստեփանյան, Զառա Բուդաղյան / PanARMENIAN News
20  27.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 11
28  17.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 1
25  18.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 2
31  19.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոն. Օր 3
24  20.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոն. Օր 4
31  21.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոն. Օր 5
22  22.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոն. Օր 6
33  23.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 7
42  24.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 8
21  25.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 9
39  26.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 10
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---