13  Հելոունի 13 ուրվականները

Հելոուին. «Ձեզ նմանները խայտառակում են ռեսպուբլիկան», կամ տոնե՞լ, թե՞ ոչ

Հելոուին. «Ձեզ նմանները խայտառակում են ռեսպուբլիկան», կամ տոնե՞լ, թե՞ ոչ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 31-ին աշխարհի մի շարք երկրներում տոնեցին Հելոուինը: Անմասն չմնաց նաև Հայաստանը, մասնավորապես՝ Երևանը. երեկոյան արդեն փողոցներում կարելի էր տեսնել սարսափազդու դիմահարդարով (որը, ի դեպ, առօրյայում էլ հազվադեպ երևույթ չէ) և հագուստով անցորդների, ովքեր այս կամ այն ակումբը/փաբը/բարն էին շտապում զվարճանալու: Եվ, իհարկե, նրանք, ովքեր չէին ներգրավվել այդ «դիմակահանդեսի» մեջ, իրենց սուրբ պարտքը համարեցին քննադատել և անգամ դատապարտել այդ տոնը նշող զանգվածին. «Ի՞նչ կապ ունի Հելոուինը Հայաստանի հետ», «Սա մշակութային ապակողմնորոշման դրսևորում է», «Հերթական կապիկությունը»...

Եթե իսկապես փորձենք պարզել, թե ինչ կապ ունի Հելոուինը Հայաստանի հետ, նախ պետք է հասկանանք, թե ինչ է, առհասարակ, իրենից ներկայացնում Հելոուին կոչված տոնը: Halloween-ը All-Hallows-Even(eng) բառակապակցության, որը նշանակում է Բոլոր սրբերի երեկո, կրճատ ձևն է: Տոնը նախորդում է Բոլոր սրբերի օրվան, որը նոյեմբերի 1-ին է, և նշվում է, համապատասխանաբար, հոկտեմբերի 31-ին անգլալեզու երկրներում, իսկ վերջին տարիներին՝ նաև մի շարք այլ երկրներում: Հելոուինի իմաստն այն է, որ դա միակ օրն է, երբ մեռյալների հոգիները կարող են վերադառնալ երկիր: Դրա հետ են կապված նաև բոլոր այն ավանդույթները, պատրաստվող ուտեստները, հագուստները, որոնք ընդունված է կրել այդ օրը: Բայց տոնի գլխավոր նպատակը զվարճանքն է, երեկույթները, դիմակահանդեսները, ինչն էլ գլխավորապես յուրացվել է ոչ անգլալեզու երկրների, այդ թվում՝ Հայաստանի կողմից:

Հիմա ի՞նչ, Հելոուին տոնող բոլոր ոչ անգլալեզու երկրները օտարամո՞լ են, մշակութային կողմնորոշման կարի՞ք ունեն: Իսկ միգուցե դա ևս մեկ անգամ զվարճանալու, լիցքաթափվելու առի՞թ է ոմանց համար: Միգուցե չարժե՞ այդ տոնին համակրող մարդկանց «ազգի դավաճան» հռչակել՝ կոչ անելով տոնել միայն հայկական եկեղեցական տոները: Չէ՞ որ կարելի է նշել և' մեր ավանդական տոները, որոնք ոչ պակաս դիտարժան և, ինչու չէ, զվարճալի ավանդույթներ ունեն, և' յուրացնել այն ավանդույթները, որոնք, ըստ ամենայնի, չեն հակասում մեր ո'չ կրոնական (Հելոուինն էլ հո քրիստոնեական տոն է), ո'չ էլ ազգային համոզմունքներին և շահերին:

Եթե Հելոուին տոնելն անգամ օտարամոլություն պիտի համարենք, ուրեմն եկեք չգնանք չինական ռեստորան (բա ամոթ չի՞ մեր հալալ տոլմային դավաճանենք), չլսենք ջազ (առհասարակ, նեգրերի հետ գործ չունենք), չհագնենք իտալական կոշիկ և այլն...

Անի Պապոյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---