16  05.08.13 - "River Fest" բացօթյա ռոք փառատոն

Գետամեջցի «Սարոյենց տանը» ռոք փառատոն էր

Գետամեջցի «Սարոյենց տանը» ռոք փառատոն էր

PanARMENIAN.Net - Իսկ դուք գիտե՞ք՝ որտեղ է Գետամեջը, իսկ գետամեջցիք գիտե՞ն` ինչ է ռոք փառատոնը: Իսկ դուք գիտե՞ք՝ որտեղ է Գետամեջում «Սարոյենց տունը», որտեղ անցնելու է ռոք փառատոնը: Իսկ գետամեջցիք գիտե՞ն, որ այդ փառատոնի ողջ հասույթը տրամադրվելու է իրենց դպրոցի վերանորոգմանը: Իսկ հիմա ամեն ինչ հերթով:

River Fest Armenia-ն, որը պիտի անցկացվեր Գետամեջում՝ 16 կմ Երևանից հեռու, սիրելի հանդիսատեսին այդ մասին տեղեկացրեց 4 օր առաջ` համացանցով, կիսատ-պռատ, և դրա պատճառներից մեկն այն էր, որ մարդկանց քանակը շատ չէր: Կարող է՝ այդպես էր պլանավորված, բայց, ամեն դեպքում, ափսոս: Ես չեմ կարծում, որ Հայաստանում, կամ թեկուզ Երևանում, ընդհամենը 200 մարդ կար, ովքեր կցանկանային բացօթյա ռոք փառատոնի մասնակցել, այն էլ՝ 2 օրով, վրաններով, խմելով, կրակի մոտ երգելով:

Մի քիչ Գետամեջի մասին: Այնտեղ հասնելու 2 տարբերակ կար. կամ կազմակերպիչների ավտոբուսներով՝ Մատենադարանի մոտից, կամ քո ուժերով, երբ ու ինչով ուզում ես: Երկրորդ տարբեերակը կազմակերպիչները հաստատ հաշվի չէին առել, քանի որ կար մոտավոր քարտեզ՝ ֆեյսբուքյան էջում…և վերջ: «Սարոյենց տունը», որտեղ՝ պարզվեց, պիտի անցնի փառատոնը, Գետամեջում ոչ ոք չգիտեր՝ որտեղ է. ոչ մի ցուցանակ չկար: Եվ եթե գյուղի տարբեր տեղերում մոլորված սիրելի հանդիսատեսը չլիներ, ու չլիներ նրանց միասնական ցանկությունը՝ հասնելու փառատոնին, խմելու և կրակի մոտ երգելու, կարծում եմ՝ մարդկանց թիվն էլ ավելի քիչ կլիներ:

Հիմա փառատոնի մասին: «Սարոյենց տունը», որտեղ տեղի էր ունենում փառատոնը, ուներ այգի, որտեղ համատարած վրաններ էին, ուներ բաց հողոտ տարածություն, որը նախատեսված էր սիրելի հանդիսատեսի համար, ուներ բեմատիպ տեղ, որտեղից էլ հորդում էր ռոքը, որն այնքան փոքր էր, որ հարվածային գործիքներ նվագողներին տեղավորել էին բեմի մոտ կանգնած բեռնատար մեքենայի թափքի մեջ: Վրանները լավն էին, բեռնատարն էլ էր լավը, հանդիսատեսի համար նախատեսված վայրը՝ վատը, քանի որ քամին հողը հանում էր օդ, բոլորի աչքերի մեջ լցնում: Ներկաներից երկուսի համար էր միևնույն՝ մի մարդ, ում մոտ հանկարծակի հայտնվել էին լողի ակնոցներ և «Բամբիռի» Նարեկը, ում մոտ (էլի երևի պատահաբար) զոդողի ակնոցներ էին հայտնվել:

Իսկ վերջում փառատոնի մասնակիցների մասին:Մի բառով` ոչ մի նոր բան: Լավ, Չիկագոյից եկել էր Սիմա Կենինգեմը, բայց դա քիչ էր, երկրորդ՝ քնեցնող, չնայած ոչ ոք ոչ մի տեղից չէր էլ ուշանում: Իսկ այն, որ «Բամբիռը» լավն է, կամ «Որդան Կարմիրը» լավն է՝ նորություն չէ: Ինչ վերաբերվում է մնացած «նոր» խմբերին. այնպիսի տպավորություն էր, որ նրանք հավաքվել էին հայտնի ռոք ստեղծագործություններ նվագելու / երգելու համար (ասեմ որ ես միայն առաջին օրն եմ ներկա եղել): Չկար նոր շունչ, նոր ձեռագիր, նոր ինչ որ մեկը, որ մտածեիր` «այ սա հեռուն կգնա»: Ուղղակի հետաքրքիր մարդիկ, որոնք «զբաղվում են ռոքով», երբ ազատ ժամանակ ունեն, գիտակցելով դա, և չունենալով ոչ մի ամբիցիա՝ գրավելու հայկական ռոք դաշտը:

Բայց այս ամենը տարբեր մեծության մանրունքներ են, որոնք կարելի է և պետք է շտկել: Փոխարենը մենք ունեցանք բացօթյա ռոք փառատոն՝ Երևանից դուրս, վրաններով, խմելով և կրակի մոտ երգելով: Ու եթե էլ նման բան չլինի, ու ոչ ոք սրա մասին չհիշի, փառատոնի հասույթով վերանորոգված Գետամեջի հանրակրթական դպրոցի աշակերտները, ովքեր պլշած աչքերով նայում էին ռիթմի տակ գլուխը թափ տվող երկարահեր տղաներին և աղջիկներին, կհիշեն հաստատ:

Վահան Ստեփանյան / PanARMENIAN Photo
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---