Երեւանում հուլիսի 12-19-ը տեղի կունենա «Ոսկե ծիրան» կինոփառատոնը

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» վեցերորդ միջազգային կինոփառատոնը տեղի կունենա Երեւանում հուլիսի 12-19-ը: Ինչպես հաղորդեցին փառատոնի մամլո ծառայությունից, այս տարի այն կբացվի «Փակ շրջան» ֆրանսիական ֆիլմով, որում նկարահանվել է հանրաճանաչ ժան Ռենոն: Ֆիլմում նա կատարում է հայ տղամարդու դերը: Կազմկոմիտեն ստացել է մասնակցության գրեթե 300 դիմում աշխարհի 60 երկրից: Մրցութային ծրագիրը, ինչպես եւ նախկինում կներկայացվի երեք բաժիններով. «Խաղարկային կինո», «Վավերագրական կինո» եւ «Հայկական համայնապատկեր»:



Եվրոպական կինոն կներկայացվի հիմնականում լեհ կինեմատոգրաֆիայի միջոցով: Հայ հանդիսատեսին կներկայացվի լեհ ռեժիսոր Եժի Սկվոլովսկու ֆիլմերի հետահայաց ցուցադրումը: Կշարունակվի նաեւ «Արաբական գիշերներ» ծրագիրը: Բացի դրանից, կկազմակերպվեն վարպետության տարբեր դասեր:



Հատուկ ուշադրություն, ինչպես միշտ, կհատկացվի հայկական կինեմատոգրաֆիային: Այս տարի փառատոնը մի շարք հոբելյաններ կտոնի` Բագրատ Հովհաննիսյանի եւ Արման Մանարյանի 80-ամյակը, Ներսես Հովհաննիսյանի 70-ամյակը: Ռուսաստանի Կինեմատոգրաֆի պետական ինստիտուտի 90-ամյակի առթիվ կցուցադրվեն շրջանավարտների դիպլոմային աշխատանքները. Մանարյանի «Տժվժիկը» եւ Արտավազդ Փելեշյանի «Սկիզբը»:



Փառատոնի շրջանակներում նաեւ տեղի կունենա «Ռեժիսորներ առանց սահմանների» երրորդ համաժողովը, փառատոնի ողջ ընթացքում հրատարակվի «Ոսկե ծիրան» թերթը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---