Այսօր նշվում է Պարի միջազգային օրը

PanARMENIAN.Net - 1982թ. ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 29-ը Պարի միջազգային օր է հայտարարել: Հայաստանում այս օրը նշվում է 2004 թվականից: Պարի միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի պարարվեստի գործիչների միությունը եւ Հայաստանի ազգային պարարվեստի ու պարագետների միությունը Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ մի շարք միջոցառումներ են կազմակերպում:



Ընթացիկ տարում կազմակերպիչները նախատեսում են անցկացնել համերգային ծրագիր` ազգագրական պարերի շարք` նվիրված Հայաստանի պարի պետական անսամբլի 50-ամյակին, ներկայացնել «Լոռեցի Սաքո» պարային ներկայացման եւ «Մկների ժողովը» մանկական խորեոգրաֆիկ ներկայացման պրեմիերաները` «Բարեկամություն» պարային համույթի կատարմամբ: Ներկայացումները նվիրվում են Հ.Թումանյանի 140-ամյակին: Երեւանում եւ մարզերում կանցկացվեն թեմատիկ սեմինարներ մասնագետների համար:



Պարի համաշխարհային օրվա կապակցությամբ ապրիլի 29-ին Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի պարաարվեստի ոլորտի մի շարք գործիչներին, մանկավարժների, պարուսույցներին, արվեստագետներին պատվոգրերով պարգեւատրելու մասին: «Վանուշ» պարախումբը պարգեւատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով` հայ պարարվեստի զարգացման եւ տարածման գործում ունեցած զգալի ավանդի համար:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---