Լվովի հայկական եկեղեցու վերականգնումը դեռեւս կոնսերվացված է

PanARMENIAN.Net - 2009 թվականին վերականգնվել են միայն Լվովի կարեւորագույն օբյեկտները, քանի որ ամեն ինչի համար միջոցները չբավականացրեցին ճգնաժամի պատճառով: Այդ մասին հայտարարել է Լվովի քաղխորհրդի պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Լիլիա Օնիշչենկոն:



Այս տարի վերականգնման կարեւոր օբյեկտներից մեկը հայկական եկեղեցին էր: Այստեղ կառուցվեց աշտարակը, զանգակատունը եւ անցումը: Շարունակվում են հայկական եկեղեցու հարավային պատի որմնանկարների վերականգնողական աշխատանքները, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան Ուկրաինայում»: Ըստ Օնիշչենկոյի, աշխատանքները հայկական եկեղեցում արդեն ավարտված են, մնացել են միայն մանր գործերը: «Հաջորդ տարի կարգի կբերվի հայկական եկեղեցու բակը եւ կսկսվի եկեղեցու վերականգնումը: Կվերականգնվի նաեւ «Գողգոթա» փայտե քանդակը»:



Վերականգնողական աշխատանքները ֆինանսավորում է Լեհաստանի մշակույթի նախարարությունը, գրում է Analitika.at.ua-ն:



Հայկական եկեղեցին գտնվում է Լվովի պատմական մասում, որտեղ հայեր են բնակվել: Եկեղեցին ճարտարապետական համալիրի կենտրոնն է, որի շուրջ համախմբվում են մյուս կառույցները, գոյացնելով երեք փոքր փակ բակ: Տաճարի կառուցումը սկսվել է 1363թ. Լվովի այդ ամենահին կառույցներից մեկը կառուցել է ճարտարապետ Դորինգը (Դորե, Դորկո) հայ վաճառականների միջոցներով: Շատերը ենթադրում են, որ կառուցմանը մասնակցել են նաեւ հայ վարպետներ, քանի որ հուշարձանը շատ ընդհանուր գծեր ունի Անիի տաճարի հետ:



Խորհրդային տարիներին եկեղեցին փակվել էր: Այնտեղ տեղադրել էին Լվոիվի պատկերասրահի պահեստարանը, իսկ 1953թվականից այն Լենինի անվան թանգարանի պահեստարանն էր: 2000թ. հունվարին եկեղեցին փոխանցվեց հավատացյալներին, սակայն ոչ թե Հայ կաթոլիկ, այլ Հայ Առաքելական եկեղեցուն, քանի որ Լվովում այլեւ չկային կաթոլիկ հայեր: 2001թ. հունվարի 6-ին մատուցվեց առաջին պատարագը տեւական դադարից հետո:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---