
10 փետրվարի 2010 - 16:10 AMT
PanARMENIAN.Net -
«Մենք մեծ նշանակություն ենք տալիս հոգեւոր արժեքներին, քանի որ միայն այդ միջոցով է հնարավոր պահպանել ոչ միայն բարեկամական հարաբերությունները երկրների միջեւ, այլեւ ապահովել անվտանգությունն ու խաղաղությունը տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում, որին էլ մենք ձգտում ենք», - փետրվարի 10-ին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԻԻՀ նախագահի խորհրդական, Իրանի մշակույթի եւ իսլամական կապերի կազմակերպության ղեկավար Մեհդի Մոստաֆավին:
Նրա խոսքերի համաձայն, իրանական կողմը աշխատանքներ է վարում հայկական Սբ Թադեւոսի եկեղեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ներգրավելու համար: Մեհդի Մոստաֆավին բարձր է գնահատել նաեւ հայկական կողմի ջանքերը Երեւանում Կապույտ մզկիթի պահպանման գործում:
Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն, իր հերթին, նշել է. «Իրանը միակ երկիրն է, որտեղ հայկական պատմամշակութային ժառանգությունը պահպանվում է պետական մակարդակով եւ որեւէ վտանգի չի ենթարկվում»: