«Արտավազդ» թատերական մրցանակն այս տարի նվիրված է Վարդան Աճեմյանի եւ Արուս Ասրյանի 105-ամյակին

PanARMENIAN.Net - «Մարտի 27-ին Երեւանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայանալու է «Արտավազդ» թատերական մրցանակի ամենամյա մրցանակաբաշխության արարողությունը»,- մարտի 26-ին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:

Նրա խոսքերով, այս տարի «Արտավազդ» մրցանակը նվիրված է հայ թատրոնի անվանի գործիչներ Վարդան Աճեմյանի եւ Արուս Ասրյանի 105-ամյակին: Մրցանակաբաշխությունն ընթանալու է 11 անվանակարգերում, լինելու է նոր մրցանակ թատերատեխնիկական անձնակազմի համար:

«Վերջին երկու տարում մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել «Մոսկվա» կինոթատրոնում, սակայն այնտեղ արդեն տեղ չէր լինի մրցանակաբաշխությանը մասնակցել ցանկացողների համար, ուստի որոշվել է մրցանակները հանձնել Հ. Պարոնյանի անվան թատրոնում: Ստեղծվել է երիտասարդական խումբ, ես ընդամենն օգնել եմ, որպեսզի նրանք ճաշակով կազմակերպեն երեկոն»,- նշել է Ղազանչյանն, ավելացնելով, որ կազմակերպչական աշխատանքների համար ստեղծված խումբը բացման ժամանակ առաջին անգամ ներկայացնելու է Հովհաննես Թեքերջյանի խոսքերի եւ Վահե Հայրապետյանի երաժշտության հիման վրա գրված «Արտավազդ» հիմնը:

«Արտավազդ» ազգային թատերական մրցանակ

«Արտավազդ» ազգային թատերական մրցանակ: Անցկացվում է Հայաստանում 10 տարի շարունակ: Ամեն տարի մարտի 27-ին` Թատրոնի միջազգային օրը, մրցանակը հանձնվում է հետեւյալ անվանակարգերում. լավագույն դերասան եւ դերասանուհի, լավագույն երիտասարդ դերասան եւ դերասանուհի, երկրորդ պլանի լավագույն դերասան եւ դերասանուհի, լավագույն երիտասարդ ռեժիսոր, լավագույն բեմականացում, լավագույն պիես, լավագույն երաժշտություն: Թատերական մրցանակն անվանվել է ի պատիվ հայոց թագավոր Արտավազդ Երկրորդի (1-ին դար), որին համարում են հայկական թատրոնի հիմնադիրներից մեկը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---