Ժերար Դեպարդյեն մտադիր է մշակութային ծրագրեր իրականացնել Հայաստանում

Ժերար Դեպարդյեն մտադիր է մշակութային ծրագրեր իրականացնել Հայաստանում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդյեին, ով մեր երկրում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահի հովանու ներքո Հայաստանում անցկացվող ՙԿարոտ՚ միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով:

Ողջունելով տաղանդավոր արվեստագետին` Հովիկ Աբրահամյանն ասաց, որ նա Հայաստանում բազմահազար երկրպագուներ ունի: Նրա ստեղծած կերպարները վաղուց արժանացել են հայաստանցի արվեստասերի համակրանքին: ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ հայ-ֆրանսիական բարեկամությունը ամուր հիմքերի վրա է, իսկ աշխարհահռչակ դերասանի այցն ավելի կամրապնդի այն: Հովիկ Աբրահամյանը շատ բարձր գնահատեց այն փաստը, որ Ժերար Դեպարդյեն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, եւ ընդգծեց նրա քաղաքացիական կեցվածքը, մանավանդ որ դերասանը ներկայացնում է մի երկիր, որն ապաստան է տվել 1915թ. Հայոց ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցների: Ֆրանսիան այն երկրներից է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Ժերար Դեպարդյեն նշեց, որ ինքը Հայաստանը գիտի Ֆրանսիայում ապրող հայ համայնքի շնորհիվ: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նշանակալի համարեց, որ Ժերայր Դեպարդյեն Հայաստան է այցելել ՙԿարոտ՚ միջազգային փառատոնի շրջանակներում, որովհետեւ այն կարեւոր դեր է կատարում հայ արվեստը ներկայացնելու գործում:

Հայաստանի խորհրդարանի ղեկավարն առաջարկեց հաջորդ փառատոնն անցկացնել Փարիզում, եւ Ժերար Դեպարդյեին էլ վերապահվի գլխավոր դերը: Դերասանը սիրով համաձայնեց ներկա գտնվել փառատոնին:

Ժերար Դեպարդյեի խոսքով` իր այցելությունը Հայաստան կհետաքրքրի նաեւ Եվրոպայում գտնվող արվեստի մարդկանց, որպեսզի նրանք եւս գան Հայաստան եւ այստեղ ծրագրեր իրականացնեն: Ինքը` Դեպարդյեն, այդպիսի մտադրություններ ունի` Հայաստան բերել եվրոպական գործիչների եւ կինոյի փառատոն կազմակերպել: Նա ծրագրում է նաեւ աշխարհի տարբեր երկրներում գտնվող հայերի մասնակցությամբ կազմակերպել մշակութային միջազգային ծրագիր Հայաստանում, որի միջոցով ներկայացվի տարբեր ժամանակների հայկական արվեստը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել նման ծրագրերին, քանի որ այդպիսի փառատոնները հնարավորություն են տալիս ծանոթանալու մեր երկրին, մշակույթին: Այս կապակցությամբ ԱԺ նախագահը վերստին կարեւորեց ՙԿարոտ՚ փառատոնի դերը, որը շատ մեծ ու ողջունելի աշխատանք է կատարում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---