Սարյանի այգում կցուցադրվի Ռուբեն Սուվարու` «Աստծուն որոնելիս» խորագիրը կրող նկարների շարքը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22, 23, 24-ին Սարյանի այգում կցուցադրվի Ռուբեն Սուվարու` «Աստծուն որոնելիս» խորագիրը կրող նկարների շարքը: Ցուցահանդեսն իրենց ներկայությամբ կպատվեն Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Երևանի քաղաքապետը, մշակույթի նախարարը, հոգևոր այրեր, մշակութային գործիչներ, պատմաբաններ:

Երևանում առաջին անգամ գրաֆիկայի ժանրում ցուցադրվում են Հայաստանի Հանրապետությունում նմանը չունեցող մանրանկարներ, որոնք ամբողջությամբ գրիչով են արված: Նկարներն արտահայտում են մարդու և տիեզերքի կապը, ունեն փիլիսոփայական և պատմական հենք:

«Սև ու սպիտակի հարաբերությամբ նա կարողացել է ստեղծել գրաֆիկական հոյակապ աշխատանքներ, որոնցում մարդկային հոգու աշխարհն է, նրա կապը հայ եկեղեցու և Աստծու հետ: Նուրբ շտրիխներով կերպավորած մարդկային ֆիգուրները, եկեղեցիներն ու վանքերը խիստ ներդաշնակության մեջ են, իմաստավորված յուրաքանչյուր շտրիխ, կա կերպարների եզրագծերի համաչափ կատարում` վերացարկված մտածողությամբ պատկերների համադրումով»,- գործընկերոջ մասին այսպես է արտահայտվել գեղանկարիչ, ՀՀ նկարիչների միության անդամ Կարլեն Քոչինյանը ցուցահանդեսի ժամանակ, որն առաջին անգամ տեղի է ունեցել Վանաձորում, հունիսին և մեծ ուշադրության է արժանացել:

Ռուբեն Սուվարին ծնվել է 1982թ.-ին հայրենիքից հեռու` Ղազախստանի Ցելինագրադ քաղաքում (այժմ մայրաքաղաք Աստանա): Մեկ տարի անց` 1983-ին, ընտանիքով հաստատվել են Վանաձորում: Առաջին անգամ լրջորեն նկարչությամբ զբաղվել է, երբ 23 տարեկան էր: Աշակերտել է երջանկահիշատակ լոռեցի նկարիչ Խաչիկ Ղարաբեկյանին:

Ցուցահանդեսի բացման արարողությունը կկայանա սեպտեմբերի 22-ին:

Նույն օրը ցուցահանդեսին զուգահեռ կմեկնարկի նաև հայկական տպագրության փառատոնը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---