«Almazian's Obsession»-ը երաժշտություն է ձայնագրել Էմիր Կուստուրիցայի և Ջոնի Դեփի ֆիլմի համար

«Almazian's Obsession»-ը երաժշտություն է ձայնագրել Էմիր Կուստուրիցայի և Ջոնի Դեփի ֆիլմի համար

PanARMENIAN.Net - «Almazian's Obsession» համույթը (բացառիկ երաժշտական տաղանդ ունեցող 20 գրավիչ աղջիկներ) հայ ջութակահար Խաչատուր Ալմազյանի և Թամարա Սավիչի ղեկավարությամբ անվանի ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի հրավերով սկսել են երաժշտություն ձայնագրել նրա նոր «Սառը ջուր» ֆիլմի համար: Երաժշտության հեղինակն է կոմպոզիտոր Ստրիբոր Կուստուրիցան, որը Էմիր Կուստուրիցայի «Պատգամ» ֆիլմի սաունդ-տրեքի հեղինակն է:

Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ին Խաչատուր Ալմազյանը, երաժշտության ձայնագրումը կայացել է հոկտեմբերի 24-26-ը Կուստուրիցայի ստուդիայում նրա հայրենի Կուստենդորֆ գյուղում: Նոյեմբերի վերջին նախատեսվում է շարունակել ձայնագրույթունը:

2008-ին «Almazian's Obsession» համույթը ելույթ էր ունեցել Kustendorf Film & Music Festival-ի հանդիսավոր բացման ժամանակ:

2010-ի մարտին Խաչատուր Ալմազյանի հրավերով և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Կուստուրիցան իր The No Smoking Orchestra նվագախմբով ելույթ ունեցավ Երևանում:

«Սառը ջուր» ֆիլմը, որի պրոդյուսերներից է Ջոնի Դեփը, պատմում է Գերմանիայում պաղեստինացու կյանքի մասին, որը վերադարձել է հայրենիք հոր թաղմանը և եղբոր պսակադրությանը մասնակցելու համար: Քաոս առաջանում է այն ժամանակ, երբ երկու եղբայրը փորձում են գաղտնի իրենց հոր մարմինը Երուսաղեմից տեղափոխել Ռամալա, իսկ իսրայելական ոստիկանությունը և ռուսական մաֆիան հետապնդում են նրանց:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---