Հայկական խաչքարի արվեստը ճանաչվեց մարդկության ոչ նյութական մշակութային գլուխգործոցներից մեկը

Հայկական խաչքարի արվեստը ճանաչվեց մարդկության ոչ նյութական մշակութային գլուխգործոցներից մեկը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին Նայրոբիում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման կոմիտեի հինգերորդ նիստի ընթացքում որոշում կայացվեց Հայկական խաչքարի արվեստը. Խաչքարի խորհուրդը եւ խաչքարագործությունը (Armenian cross-stones art. Symbolism and Craftsmanship of Khachkars) ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության հեղինակավոր ներկայացուցչական ցանկի մեջ:

Խաչքարի հոգեւոր-ծիսական գործառույթների վերաբերյալ ամբողջական փաթեթը համատեղ պատրաստվել եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան էր փոխանցվել ՀՀ մշակույթի նախարարության եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի կողմից` հասարակության լայն շրջանակների` խաչքարագործության արվեստին տիրապետող վարպետների, կրթական եւ գիտական համայնքի, ինչպես նաեւ աշխարհասփյուռ հայ համայնքի ներգրավվածությամբ եւ աջակցությամբ:

Ոչ նյութական մշակութային ժառանգությունը` ավանդույթների, սովորույթների եւ մշակութային արտահայտությունների, ինչպես նաեւ գիտելիքների եւ հմտությունների այն ամբողջությունն է, որը մարդկանց որոշակի խմբեր ճանաչում են որպես իրենց ինքնագիտակցության եւ մշակութային ժառանգության մաս:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հաշվի առնելով, որ խաչքարն ապրող ավանդույթ է համայն հայության համար, դրա ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում լայն շրջանակ կստեղծի դրա հետ կապված գիտելիքների, ծեսերի, ավանդույթների ու արհեստի պահպանման եւ հաջորդ սերնդներին փոխանցման համար: Դա նաեւ կերաշխավորի հայկական մշակութային արժեքների ճանաչումն ու դրանց հանդեպ հարգանքը, կնպաստի` որպես ազգային փաքրամասնություն` սփյուռքահայ համայնքների արժանապատվության բարձրացմանը, համայնքների միջեւ փոխադարձ հարգանքի ձեւավորմանն ու իրենց մարդու իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաեւ կխրախուսի հանդուրժողականությունը, միջմշակութային երկխոսությունը եւ միջազգային համագործակցությունը:

2005թ. մարդկության բանավոր եւ ոչ նյութական մշակութային գլուխգործոցներից մեկն էր հռչակվել ՀՀ կողմից ներկայացված դուդուկի երաժշտությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---