2011-ին Հայաստանը Եվրատեսիլում կներկայացնի Էմմին

2011-ին Հայաստանը Եվրատեսիլում կներկայացնի Էմմին

PanARMENIAN.Net - Հայաստանը Եվրատեսիլ 2011 երգի միջազգային մրցույթում ներկայացնելու է երգչուհի Էմմին: Այդ մասին դեկտեմբերի 11-ին մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: Նրա խոսքերով, ՀՀՀ գեղարվեստական խորհրդի նիստում որոշվել է այս տարի անցկացնել երգերի, այլ ոչ թե երգիչների ընտրություն: Ինչպես հիշեցրել է Արզումանյանը, նույն կերպ Եվրատեսիլը ներկայացրել են Անդրեն և Սիրուշոն: «Այսօրվանից գեղարվեստական խորհուրդը սկսելու է երգերի ընդունումը»,- ասել է Հարությունյանը: Ընտրված երգերը ներկայացվելու են ազգային ընտրության եզրափակչում, որի ժամանակ հեռուստադիտողներն ընտրելու են այն երգը, որով երգչուհին հանդես է գալու Եվրատեսիլում:

Հարությունյանի խոսքերով, Էմմին պատրաստ էր ներկայացնել երկիրը դեռ վաղուց: Եվրատեսիլ 2010-ին մասնակցելու համար հիմնական պայքարը ծավալվել էր Եվա Ռիվասի և Էմմի ու Միհրան զույգի միջև: SMS-հաղորդագրությունների քանակով և ժյուրիի ընտրությամբ ազգային ընտրության մրցույթում հաղթեց Եվա Ռիվասը, որի հետ չհամաձայնվեց Էմմի թիմը: Երգչուհին հայտարարեց, որ նեղացած է Ալեքսան Հարությունյանից: «Ես, հավանաբար, այդ ժամանակ շատ նեղացած էի ու կարող էի շփոթմունքի մեջ նման բան ասել: Ես չեմ հրաժարվում իմ բառերից: Սակայն եթե ես այստեղ եմ, նշանակում է` ամեն ինչ մոռացվել է»,- ասել է նա: Անդրադառնալով արտասահմանում իր աշխատանքին` Էմմին նշել է, որ վերադարձել է հայրենիք ոչ դատարկ ձեռքով: «Հունվարի 30-ին և 31-ին կայանալու է իմ մենահամերգը Երևանում, մոտ օրերս եթեր դուրս կգա իմ նոր տեսահոլովակը»,- ասել է երգչուհին:

«Եվրատեսիլ» 56-րդ երգի մրցույթը տեղի կունենա 2011-ի մայիսի 10-14-ը գերմանական Դյուսելդորֆում: Երկու կիսաեզրափակիչները կայանալու են 2011-ի մայիսի 10-ին և 12-ին, եզրափակիչը նախատեսված է մայիսի 14-ին: Այս տարի եզրափակչում մրցելու են 25 երկրներ, ընդ որում երկար ընդմիջումից հետո մրցույթին մասնակցելու են Իտալիան, Սան Մարինոն և Ավստրիան:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---