«Սիրուշո փրոդաքշնը» ներկայացնում է «Նոր տարի» ձայնասկավառակը` Սյուզան Մարգարյանի կատարմամբ

PanARMENIAN.Net - «Սիրուշո փրոդաքշնը» ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ շուտով հանրության դատին կհանձնի ամանորյա երգերի նոր հավաքածու` Սյուզան Մարգարյանի կատարմամբ: Նոր ձայնասկավառակում ընդգրկված են Ամանորին նվիրված յոթ երգ և մեկ ռեմիքս տարբերակ:

Հայկական փոփ երաժշտության մեջ ամանորյա երգերի հավաքածու ստեղծելու անհրաժեշտությունը վաղուց կար. և այդ նպատակով էլ «Սիրուշո փրոդաքշնը» ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կյանքի կոչեց այս նախագիծը` երգեր, որոնք նախատեսված են թե' մեծերի և թե' փոքրերի համար: Սյուզան Մարգարյանի ամանորյա ձայնասկավառակում ներկայացված են յոթ երգ, որոնց թե' բառերի, և' թե երաժշտության հեղինակը Սիրուշոն է:

Երգերից մեկի` «Նոր Տարի» երգի հիման վրա արդեն նկարահանվել է տեսահոլովակ: Հետագայում նախատեսվում է տեսահոլովակներ նկարահանել նաև մյուս երգերի հիման վրա:

Աշխարհահռչակ շատ երգիչ-երգչուհիներ ունեն նմանատիպ ալբոմ-հավաքածուներ, որոնք, սովորաբար, հասարակության կողմից սիրով ընդունվում ու զանազան հավաքույթների, ընտանեկան, կորպորատիվ երեկույթների անբաժանելի մասն են դառնում: Հայկական փոփ երաժշտության մեջ նման նախագիծ իրականացվում է առաջին անգամ: Ձայնասկավառակի շնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին, հաղորդում է ՀՀ Մշակույթի նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---